Ինչո՞ւ է վտանգավոր դաջվածք անելը

11:54   20 հունիսի, 2018

Դաջվածքները կարող են ճնշված իմունիտետով մարդկանց մոտ մկանների սուր քրոնիկական բորբոքում առաջացնել, որից գործնականում անհնար է ազատվել, հայտարարել են մասնագետները BMJ Case Reports ամսագրում հրապարակված հոդվածում:

«Իհարկե, մենք առայժմ չենք կարող խոսել ուղղակի պատճառահետեւանքային կապի մասին, սակայն փաստերն առկա են: Այս բորբոքումներն առաջացել են ճիշտ այն տեղում եւ մարմնի այն նույն հատվածում, որտեղ դաջվածքներ են կատարվել: Մենք այս պաթոլոգիայի զարգացման ոչ մի այլ հնարավոր պատճառ չենք գտել»,- հայտարարել է Գլազգոյում (Շոտլանդիա) Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունից Ուիլյամ Ուիլսոնը:

Ուիլսոնը եւ նրա գործընկերները հայտնաբերել են իմունային համակարգի եւ դաջվածքների փոխազդեցության հետաքրքիր օրինակ, երբ ուսումնասիրել են Շոտլանդիայի 31-ամյա բնակչի հիվանդության պատմությունը, որը որոշել էր ոտքին եւս մեկ նկար պատկերել դրանից մի քանի տարի առաջ դաջվածքի սրահ հաջող այցելությունից հետո:

Գործողությունից մոտ մեկ շաբաթ հետո նա դիմել է բժիշկների օգնությանը՝ գանգատվելով ազդրի եւ ծնկի ուժգին ցավերից: Բժիշկները նշանակել են տրամադոլ եւ այլ ցավազրկողներ, սակայն ցավը չի անցել անգամ 9 ամիս հետո: Սա Ուիլսոնին եւ նրա գործընկերներին ստիպել է ավելի մանրամասն ուսումնասիրել հիվանդության պատմությունը:

Բացահայտումը չափից ավելի պարզ էր. դաջվածքն անելուց 2 տարի առաջ երիտասարդ կինը թոքերի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել եւ մշտապես ընդունում էր իմունիտետը ճնշող հաբեր:

Իմունիտետի թուլացումը տարօրինակ կերպով ազդել էր  դաջվածքների եւ իմունային համակարգի փոխազդեցության վրա: Ներկի մասնիկները չեն մնացել մաշկում, այլ սկսել են տարածվել մկաններում եւ քրոնիկական բորբոքումներ առաջացնել, որոնք բերել են ոտքերի թուլության եւ աղջկան պատճառել են անտանելի ցավ:

Հիվանդության պատճառը պարզելով՝ Ուիլսոնը եւ նրա գործընկերները դաջվածքների սիրահարին ֆիզիոթերապիա են նշանակել մկաններն ամրացնելու համար: Սակայն նա ցավային զգացողություններից կարողացել է ամբողջությամբ ազատվել միայն 3 տարի հետո:

Բժշկի խոսքով՝ առայժմ անհասկանալի է, թե կոնկրետ ինչն է նման ռեակցիա առաջացրել, քանի որ դաջվածքի սրահների աշխատանքը կարգավորող նորմեր գոյություն չունեն: Յուրաքանչյուր արվեստանոց օգտագործում է ամենատարբեր ներկեր, ասեղներ եւ այլ նյութեր, որոնք կարող են օրգանիզմի վրա տարբեր ձեւով ազդել:



© NEWS.am Medicine