Վիրաբույժները տրանսգենդերի համար իրական առնանդամի նման «աշխատող» պրոթեզ են ստեղծել

23:42   29 հունիսի, 2018

Ամերիկացի վիրաբույժները բժիշկ Ջոնաթան Քիթի գլխավորությամբ առնանդամի պրոթեզ են ստեղծել, որն ամբողջությամբ փոխել է 28-ամյա տրանսգենդեր Էլայջա Ստեֆենսի կյանքը:

Էլայջան կին է ծնվել, բայց միշտ իրեն տղամարդ է զգացել: Դեռ 10 տարի առաջ նա սկսել է հորմոններ օգտագործել, որպեսզի իր արտաքինը փոխվի եւ տղամարդու նմանվի: Իսկ այս տարվա փետրվարին, վերջապես, վիրահատվեց եւ առնանդամի պրոթեզ ստացավ՝ որն «աշխատում է» ինչպես իսկականը:

Ամերիկացի վիրաբույժները կարողացել են արհեստական առնանդամ ստեղծել, որը թույլ է տալիս տղամարդուն վերապրել բոլոր հնարավոր զգացողությունները: Այժմ, վիրահատությունից մոտ 4 ամիս անց, տղամարդը նորմալ միզում է եւ նույնիսկ օրգազմ է զգում, քանի որ բժիշկ Քիթը կարողացել է միացնել արհեստական առնանդամի եւ ծլիկի նյարդերը: Հաջորդ փուլը, ըստ բժիշկի, կլինի պոմպի տեղադրումը, որը կօգնի լիարժեք էրեկցիայի հասնել:

Վիրահատության ժամանակ պացիենտի մոտ արդեն հեռացվել էին արգանդը եւ հեշտոցային ուղին: Սեռական շրթունքներն օգտագործվել են ամորձապարկի ձեւավորման համար, իսկ միզանցքը երկարացվել է պացիենտի մաշկի միջոցով եւ ապահովել է նորմալ միզարձակումը:

Քիթը սեռական օրգան ստեղծելու վիրահատությունը կատարել է օգտագործելով պացիենտի ձեռքի մաշկն ու հյուսվածքները (մաշկը թույլ է տվել երկարացնել միզանցքը): Մաշկի նյարդերը միացրել են վերաձեւավորված միզանցքի եւ ծլիկի հետ (որը փոխարինել է սեռական օրգանի գլխիկին): Վիրաբույժը նաեւ ձեւավորել է նոր արյունատար համակարգ՝ միացնելով անոթները:

Վիրահատությունից հետո պացիենտը կարողացել է սեռական հարաբերություն ունենալ եւ անգամ օրգազմ ապրել:



© NEWS.am Medicine