Տղամարդը չի խնդրել նրա լյարդը, կինն էլ չի առաջարկել. Մի փոխպատվաստման պատմություն

18:28   1 հուլիսի, 2018

Էֆքան Օդզոլը (Թուրքիա) լյարդի քաղցկեղի մասին իմացել է միանգամայն պատահաբար. 2 տարի առաջ նա կանխագելիչ հետազոտություն է անցել, որի ժամանակ պարզվել է, որ նրա լյարդն ախտահարված է վիթխարի, շատ ագրեսիվ ուռուցքով: Նրան առավելագույնը մեկ տարվա կյանք են կանխորոշել: Այդ ժամանակ Էլքանը 48 տարեկան էր: Նա երիտասարդ կին ուներ, 5-ամյա երեխա եւ ամենեւին չէր ցանկանում մահանալ:

Էֆքանը լյադի փոխպատվաստման կարիք ուներ, սակայն դրան դեռեւս պատրաստ չէր. նախ անհրաժեշտ էր ճնշել ուռուցքի աճը, եւ եթե ամեն ինչ լավ ընթանար, արդեն կարելի էր փոխպատվաստման մասին մտածել: Իհարկե, հանգուցյալ դոնորը նրան չէր համապատասխանում, անհրաժեշտ էր ողջ, առողջ, իր հետ համատեղելի մարդու լյարդի մասը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Էֆքանը պատմեց, որ բուժումն անսահման երկար է տեւել՝ նրան կատարել են ռադիոէմբոլիզացիա եւ քիմիաէմբոլիզացիա, որոնց օգնությամբ հաջողվել է կանգնեցնել ուռուցքի աճը: Միայն այդ ժամանակ են բժիշկները որոշել, որ նրան արդեն կարելի է փոխպատվաստում կատարել: Եթե, իհարկե, համապատասխան դոնոր գտնվի:

Վիրահատությունը կատարվել է բոլորովին վերջերս՝ մոտ 2 ամիս առաջ: Էֆքանի համար լյարդի դոնոր է դարձել նրա կինը՝ 29-ամյա Ասլին:

Ամուսինների խոսքով՝ իրենք ոչ մի անգամ չեն քննարկել փոխպատվաստման եւ դոնորության թեման. Էֆքանը կնոջը չի խնդրել օրգանի մի մասն իրեն նվիրաբերել, կինն ինքն էլ նրան չի առաջարկել իր լյարդը՝ ասես ամեն ինչ վաղուց որոշված էր:

Երկուսն էլ վախենում էին, սական այդ մասին բարձրաձայն չէին խոսում: Էֆքանը վախենում էր, որ վիրահատությունը կարող է վնասել կնոջը, որ նա չի կարողանա լիարժեք կյանքով ապրել, որ ինչ-որ բան սխալ կընթանա… Ասլին նույնպես վախենում էր՝ թե՛ իր, թե՛ ամուսնու, թե՛ իրենց փոքրիկ երեխայի համար. եթե ինչ-որ բան պատահեր, նա ստիպված կիներ մեծանալ առանց մեկ կամ նույնիսկ երկու ծնողների:

Իր վախերը հաղթահարելու համար նա գրքեր եւ համացանցում հոդվածներ է ընթերցել, շփվել է այլ հիվանդների ու դոնորերի հետ եւ պարզել, որ եթե ինքն իր լյարդը ամուսնուն տա, իր համար վտանգ, իհարկե, կլինի, սակայն նվազագույն:

Լյարդի փոխպատվաստումը տեխնիկապես բավականին բարդ է. մասնագետների խոսքով՝ դա նոււյնիսկ ավելի բարդ է, քան սրտի փոխպատվաստումը: Սակայն վիրահատությունն ավելի հաջող է անցել, քան ենթադրում էին ամուսինները. Էֆքանին զարմացրել է այն, որ վիրահատությունից հետո բավական արագ է սկսել քայլել: Ավելին՝ բժիշկների խորհրդով նա պետք է հնարավորինս շատ քայլեր եւ ակտիվ լիներ:

Առաջին երկու շաբաթներին նրան չէին անհանգստացնում ցավերն ու անհարմարավետությունը, սակայն նա չէր դադարում կնոջ համար անհանգստանալ՝ հանկարծ նա չկարողանա ամբողջությամբ վերականգնվել: Հանկարծ նրա հետ ինչ-որ բան կպատահի հիմա՝ արդեն վիրահատությունից հետո: Հանկարծ կլինեն ինչ-որ անկանխատեսելի բարդություններ:

Ասլին, սակայն, վիրահատությունից հետո բավական արագ է վերականգնվել: Նա հիմա արդեն վերադարձել է նախկին ապրելակերպին, մեքենա է վարում, աշխատում, զբաղվում երեխայի դաստիարակությամբ:

Էֆքանի փորի վրա ահռելի սպի կա, որը նման է «Լ» տառին: Հավանաբար, նման սպի է մնացել նաեւ նրա կնոջ մոտ, սակայն նա դա ցույց չի տալիս: Իսկ Էֆքանը հանգիստ բարձրացնում է շապիկը եւ ցույց տալիս փորը: Դեռեւս ոչ բոլոր կարերն են հանված:

«Մնացյալը կհանեն օրերս: Այն գրեթե չի ցավում»,- ժպտում է նա:



© NEWS.am Medicine