Տղամարդկանց տեստոստերոնն է ստիպում գնել թանկարժեք մեքենաներ եւ ժամացույցներ

22:44   4 հուլիսի, 2018

Տեստոստերոնի մակարդակն ազդում է տղամարդկանց վարքագծի վրա. այն որքան բարձր է, այնքան ավելի կարգավիճակային ավտոմեքենաներ, հագուստ եւ բարեկեցության ու իշխանության այլ խորհրդանիշներ են նրանք գնում: Այս մասին նշված է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:

Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ սեռական հորմոնների մակարդակում տատանումներն ազդում են արուների եւ էգերի սոցիալական կարգավիճակի վրա: Այդ ժամանակ մասնագետները հետաքրքրվել են՝ տղամարդիկ կարձագանքե՞ն տեստոստերոնի խտության փոփոխությանը:

Ինչպես նշել է Փարիզի Սորբոնի համալսարանի մարքեթոլոգ Հիլքե Պլասմանը, փորձերին մասնակցել են մոտ 200 կամավորներ: Հատուկ սպեղանու միջոցով նրանց մարմին են ներարկվել տեստոստերոնի ոչ մեծ չափաքանակներ: Որոշ դեպքերում հորմոնը փոխարինել են պլացեբոյով, սական փորձի մասնակիցներն այս մասին տեղյակ չեն եղել:

Մասնագետները չափել են փորձարկվողների արյան մեջ տեստոստերոնի մակարդակը, այնուհետեւ նրանց առաջարկել են նայել հագուստի մի քանի տեսակների լուսանկարները եւ ընտրել առավել հավանածները: Այնուհետեւ կամավորներին ցույց են տվել թանկարժեք ժամացույցների եւ մեքենաների լուսանկարներ, ինչպես նաեւ դրանց մանրամասն նկարագրությունը: Անհրաժեշտ էր տարբերակել դրանք բնութագրող որակները:

Փորձի արդյունքում պարզվել է, որ իսկական հորմոնի ընդունումը տղամարդկանց բրենդային ապրանքների հանդեպ առավել հակված է դարձրել: Նույն օրինաչափությունն է նկատվել նաեւ տեստոստերոնի «բնական» բարձր մակարդակով խմբում: Այն որքան բարձր էր, փորձարկվողներն այնքան թանկարժեք ապրանքներ էին ընտրում:

Պարզվել է, որ տեստոստերոնի բարձր մակարդակը տղամարդկանց ստիպում է գնահատել կարգավիճակը, այլ ոչ թե իրական ուժը կամ ֆիզիկական որակները: Տեստոստերոնի մակարդակն առաջին հերթին ազդում է սոցիալական սանդղակում սեփական դիրքի ընկալման վրա, այլ ոչ թե ձեռքբերման միջոցների:



© NEWS.am Medicine