Ժամանակը մեր դեմ է աշխատում. ապագա բժիշկները ցանկանում են բանակում ծառայության հարցի արագ լուծում

12:49   5 հուլիսի, 2018

Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողները հույս ունեն, որ վարչապետը կնպաստի բանակում ծառայություն անցնելու շուրջ ստեղծված իրավիճակի լուծմանը: Հուլիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Վարդան Շահինյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կուրսերի ուսանողները, որոնք անվճար հիմունքներով են սովորում, տարկետման իրավունքից զրկված են: Այսպիսով, նրանք զրկվում են նաեւ կլինիկական օրդինատուրան ժամանակին անցնելու եւ նեղ մասնագիտացում ստանալու հնարավորությունից:

Պաշտպանության նախարարությունն առաջարկել է իրավիճակից դուրս գալու իր ելքը: «Նախարարությունը մեզ հետ պայմանագիր է կնքում ինտերնատուրա անցնելու մասին, որից հետո մենք բանակում ծառայությունը շարունակում ենք որպես ընդհանուր ոլորտի բժիշկներ: Սակայն մենք ցանկանում ենք նման պայմանագիր կնքել կլինիկական օրդինատուրայի վերաբերյալ, ինչին ՊՆ-ն չի համաձայնում: Հիմա մենք նախարարության համար առաջարկների փաթեթ ենք պատրաստում, որոնցով կհիմնավորենք մեր դիրքորոշումը»,- ասաց նա: Բանակում ծառայելուց հետո կլինիկական օրդինատուրա անցնելու հնարավորություն կա: Սակայն այդ դեպքում ստացվում է, որ երիտասարդ բժիշկները նեղ մասնագիտացում եւ լիցենզիա կստանան ուշացումով՝ ինտերնատուրայի վրա մեկ տարի ծախսելով: Այսպիսով, ամբողջական բժշկական կրթություն ստանալու գործընթացը երկարում է:

Ուսանողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հույս ունեն: Նախօրեին վարչապեը այս հարցով հանդիպել է կրթության նախարարի հետ: «Հիմա ժամանակն աշխատում է մեր դեմ: Հարցի լուծման համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, սական հուլիսին մեր խորհրդարանն արձակուրդ է գնում»,- հավելեց Շահինյանը:



© NEWS.am Medicine