Բժիշկները նրան խորհուրդ են տվել նիհարել, բայց ամեն ինչի մեղավորը 23-կիլոգրամանոց կիստան էր (ֆոտո)

18:53   5 հուլիսի, 2018

ԱՄՆ Ալաբամա նահանգից 30-ամյա Քայլա Ռանը մի քանի ամիս գանգատվում էր փորի ցավերից, այտուցից եւ հեղձուկից, սակայն ոչ ոք չէր հասկանում, թե նրա հետ ինչ է կատարվում:

Քայլա Ռանը ստիպված էր դիմանալ հղիության մասին խոսակցություններին, քանի որ նրա փորն անսպասելիորեն սկսել էր արագ մեծանալ: Արդյունքում իրավամբ կարող էր թվալ, թե աղջկը 9-շաբաթական հղի է կամ հղի է երկվորյակներով: Նա ինքն էլ էր սկսել այդ առիթով կատակել: Երբ անհանգստացած ամերիկուհին դիմել է բժիշկներին, ապա նրանք Քայլային պարզապես խորհուրդ են տվել նիհարել:

Եվ աղջիկը սկսել է պայքարել ավելորդ քաշի դեմ: Սակայն բոլոր փորձերն ապարդյուն էին: Երբ ցավն այլեւս անտանելի է դարձել, Քայլան կրկին հիվանդանոց է այցելել: Եվ միայն մի քանի թեստերից հետո է պարզվել, որ նրա մոտ մուցինոզ ցիստադենոմ է՝ ձվարանների բարորակ ուռուցք, որն արդեն մեկ տարի աճում էր:

Բժիշկները վիրահատություն են կատարել եւ հեռացրել 23 կգ չափով կիստան: Չնայած ուռուցքը բարորակ էր, այն կարողացել է լուրջ բարդություններ առաջացնել: Օրինակ՝ ներորովայնային ճնշման համախտանիշ եւ արդյունքում՝ երիկամային անբավարարություն: Վիրաբույժներից մեկի՝ Գրեգորի Ջոնսի խոսքով, սակայն, վիրահատությունը հաջող է անցել, եւ հիմա ամեն ինչ լավ է:

«Սա ամենամեծ կիստաներից մեկն է, որ երբեւէ հեռացրել եմ կամ տեսել: Մենք շատ ուրախ ենք, որ ամեն ինչ լավ է անցել»,- ասել է նա:

Աղջիկն արդեն տուն է վերադարձել եւ փորձում է վերականգնվել ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես:

 

 



© NEWS.am Medicine