17:02 5 հուլիսի, 2018Հանրակրթական հաստատություններում վերջերս տեղի ունեցած երեխաների թունավարման դեպքերը մեկնաբանելիս պետական պաշտոնյաները խոսում են դրամատիկական թատրոնի դերասանների լեզվով: Հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրան խոսքով՝ պատասխանատուները սահմանափակվում են միայն «դա սարսափելի է», «դա անընդունելի է» տիպի բացականչություններով, սակայն թունավորումների պատճառների հայտնաբերման եւ նման միջադեպերի կանխման կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում:
«Մինչդեռ երեխաների առողջության համար պատասխանատվություն պետք է կրեն բոլորը՝ մանկապարտեզների եւ դպրոցների անձնակազմից սկսած՝ ընդհուպ երկրի ղեկավարությունը: Անպատժելիություն, վերահսկողության բացակայություն՝ ահա թունավորումների այդքան հաճախակի դեպքերի պատճառները»,- նշեց Արմեն Պողոսյանը:
ՀԿ ղեկավարին վրդովում է այն, որ պատասխանատու մարմինները այս միջադեպերի պատճառները եւ մանրամասնները լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների համար ամբողջությամբ չեն բացահայտում: Մինչդեռ, նրա կարծիքով, խնդիրը համակարգային բնույթ ունի եւ համակարգային փոփոխություններ է պահանջում՝ հանրության հետ համագործակցությամբ:
«Ստացվող բոլոր տագնապալի հաղորդումները պետք է վերլուծվեն, հանրային կարծիքի անտեսման դեպքում խնդիրը երբեք չի լուծվի: Այն ժամանակ, երբ թունավորված երեխաները հոսպիտալացված են, պաշտոնյաներն ասում են, որ զանգերի միջոցով ստացվող ահազանգերի մեծամասնությունը կարող է կեղծ լինել»,- նշեց Արմեն Պողոսյանը:
Նա սննդամթերքի անվտանգության ոլորտում հսկողության մեկ այլ խնդիր է համարում պատասխանատու մարմիններում աշխատող անձանց ոչ բանիմացությունը, որոնք որոշումներ են ընդունում՝ ընդհուպ մինչեւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավարի նշանակում, մասնագետների հետ չխորհրդակցելով, գաղտնի եւ ոչ հրապարակային:
ՀԿ ղեկավարը նաեւ կարծում է, որ ՍԱՊԾ իրավասություններն ու գործառույթները պետք է հստակեցվեն եւ ընդլայնվեն. օբյեկտներ այցելող տեսուչները փաստացի անաշխատունակ են:
Արմեն Պողոսյանը հայտարարեց, որ թունավորումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է գոնե օրենքին հետեւել եւ հանրակրթական հաստատություններում երեխաներին տրամադրվող սննդամթերքի նմուշները պահել 48 ժամ՝ սա անհրաժեշտ է թունավորումների դեպքում լաբորատոր հետազոտությունների համար:
«Հույս ունեմ, որ նոր կառավարությունն այս հարցով լրջորեն կզբաղվի եւ որպես սկիզբ գոնե կարձագանքի այս միջադեպերը պարզելու խնդրանքով իմ նամակին»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսից Հայաստանում գրանցվել է աղիքային ինֆեկցիաների դեպքերի աճ, դեպքերի մեծ մասը՝ մինչեւ 10 տարեկան երեխաների շրջանում: