Շաբաթական 3 համբուրգերի օգտագործումը մեծացնում է ասթմայի զարգացման վտանգը

13:51   7 հուլիսի, 2018

Համբուրգերը վտանգավոր է ոչ միայն իրանի, այլեւ շնչուղիների համար. Sichuan University-ի չինացի գիտնականների հետազոտությամբ պարզվել է, որ շաբաթական ընդամենը 3 համբուրգեր ուտելը մեծացնում է ասթմայի զարգացման վտանգը:

Վերջին տասնամյակներին ֆասթ ֆուդը դարձել է Արեւմուտքում մարդկանցից շատերի սննդակարգի անբաժանելի մասը: Ֆասթ ֆուդի ճաշատեսակները, ինչպիսին է համբուրգերը, մեծ քանակությամբ կալորիա ու ճարպ են պարունակում եւ ճարպակալում են առաջացնում: Սա, իր հերթին, վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների զարգացման հավանականության ծանրակշիռ գործոն է:

Չինացի հետազոտողները պարզել են, որ շաբաթական ընդամենը երեք համբուրգերը զգալիորեն մեծացնում է ասթմայի զարգացման վտանգը: Այս կալորիական ճաշատեսակում պարունակվող ճարպաթթուները խթանում են բորբոքային ռեակցիայի հետ կապված նյութի արտադրումը: Սա կարող է նպաստել ասթմայի եւ վերին շնչուղիների այլ հիվանդությունների առաջացմանը: Համբուրգերի բուլկին վիճակը խորացնում է: Դրա բաղադրության մեջ մտնող ալյուրը ասթմայի դեպքում օժանդակում է շնչուղիների բորբոքմանը:

Դրանից բացի, ֆասթ ֆուդ շատ գործածող մարդիկ հազվադեպ են ուտում բանջարեղեն եւ մրգեր, ինչը նունպես բացասաբար է անդրադառնում առողջական վիճակի վրա:



© NEWS.am Medicine