Ծխախոտի ծուխը կարող է երեխաների մոտ խռմփոց առաջացնել. հետազոտություն

20:02   9 հուլիսի, 2018

Երեխայի ծնունդից հետո մոր ծխելը 87 տոկոսով մեծացնում է երեխայի մոտ խռմփոցի հայտնվելու վտանգը: Այսպիսի եզրահանգման են եկել Qingdao University-ի չինացի գիտնականները՝ վերլուծելով 88 հազար երեխաների մասնակցությամբ 24 հետազոտությունների տվյալները, որոնցում ուսումնասիրվել է երեխաների օրգանիզմի վրա ծխախոտի ծխի ազդեցությունը:

Խռմփոցը հաճախ քնի ապնոեի եւ առողջական այլ խնդիրների նախանշանն է: Ինչպես ցույց է տվել վերլուծությունը, խռմփոցի հայտնվելու ամենամեծ վտանգը նկատվում է փոքր երեխաների մոտ, որոնց մայրերը ծխել են: Եթե ընտանիքում ծխել է միայն հայրը, ապա երեխայի խռմփալու վտանգը մեծացել է 45 տոկոսով:

Հետազոտողներն առայժմ չգիտեն, թե ծխախոտի ծուխն ինչ կերպ է խռմփոց առաջացնում: Սակայն հայտնի է, որ պասիվ ծխելը երեխաների մոտ նաեւ բազմաթիվ այլ խնդիրների պատճառն է, մասնավորապես՝ այն տներում ապրող երեխաների մոտ, որտեղ ծխում են, զգալիորեն մեծ է ասթմայի եւ մի ամբողջ շարք այլ հիվանդությունների առաջացման վտանգը:



© NEWS.am Medicine