Ի՞նչն էր 1․7 տարեկան երեխայի մահվան պատճառը․ պարզաբանում են բժիշկները

23:49   9 հուլիսի, 2018

Հուլիսի 6-ին «Արաբկիր» բուժկենտրոնում մահացել է 1․7 տարեկան երեխա։ Նախնական տվյալներով՝ նա ուներ ռեստրիկտիվ կարդիոմիոպատիա՝ սրտի ծանր հիվանդություն։ Այդ ախտորոշումը պետք է հաստատի դատաբժշկական փորձաքննությունը։

NEWS.am Medicine-ի թղթակցին «Արաբկիր» ԲԿ-ից պատմել են, որ երեխան հիվանդանոց է ընդունվել հունիսի 4-ին, շնչարգելությամբ ու հաճախացած շնչառությամբ։ Սկզբում անհապաղ բուժօգնության բաժանմունքի մասնագետները նրա մոտ կասկածել են թոքերի հետ կապված խնդիրներ, սակայն հետագա հետազոտությունները բացառել են այդ ախտորոշումը։ Նկատելով, որ երեխայի սրտի չափսերը մեծացել են (նախասրտերը մեծացած էին, իսկ փորոքները նորմայից փոքր էին), բժիշկները նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունք, ու նրա մոտ հրավիրել էին սրտաբանի, որը էխոկարդիոգրաֆիա էր անցկացրել ու նախնական ախտորոշել՝ ռեստրիկտիվ կարդիոմիոպատիա։ Ախտորոշումը հաստատելու համար երեխային պետք է զննեին «Նորք-Մարաշ» մասնագիտացված սրտաբանական կլինիկայում։

Մասնագետները պարզաբանել են, որ ռեստրիկտիվ կարդիոմիոպատիան հիվանդություն է, որի դեպքում սրտի ներքին պատյանը ենթարկվում է փոփոխությունների, ինչը հանգեցնում է սրտի դիաստոլիկ ֆունկցիայի խանգարման։ Երեխաների մոտ այդ հիվանդությունը կարող է երկար ժամանակ չդրսևորվել՝ քանի դեռ երեխան փոքր է, նրա սիրտը հաջողությամբ հաղթահարում է ծանրաբեռնվածությունը ու մղում արյուն, բայց երեխայի աճին ու ծանրանալուն զուգահեռ՝ սիրտը դադարում է հաղթահարել իր դերը։ Երեխայի մոտ սկսում է զարգանալ սրտի անբավարարոթյուն, որը հաճախ առաջին հերթին ազդում է շնչառության վրա՝ քանի որ օրգանիզմը թթվածնի պակաս է զգում, երեխան սկսում է ավելի հաճախ շնչել, նրա մոտ շնչարգելություն է սկսվում։

Այս ախտանշանը, ինչպես պարզել էին բժիշկները երեխայի ծնողների հետ զրույցում, նրա մոտ սկսվել էր մի քանի ամիս առաջ, սակայն այդ ժամանակ ծնողները ուշադրություն չէին դարձրել դրան։

Ռեստրիկտիվ կարդիոմիոպատիան, մասնագետների խոսքով, չի ենթարկվում ոչ վիրահատական, ոչ էլ դեղորայքային բուժման, ու այդ հիվանդության դեպքում հեռանկարները սովորաբար անբարենպաստ են։ Նման հիվանդությամբ հիվանդների համար միակ ելքը սրտի փոխպատվաստումն է, որը սակայն առայժմ Հայաստանում չի իրականացվում։

Ռեստրիկտիվ կարդիոմիոպատիայով հիվանդի սիրտը, դադարելով հաղթահարել ծանրաբեռնվածությունը, կարող է անսպասելիորեն կանգ առնել ցանկացած պահի, ինչն էլ հենց տեղի է ունեցել երեխայի հետ հուլիսի 6-ին։ Բժիշկները սկսել են վերակենդանացման միջոցառումներ իրականացնել, որոնք շարունակվել են մեկ ժամ, սակայն երեխայի սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել։ Մասնագետների խոսքով՝ առանց սրտի փոխպատվաստման, ամեն դեպքում կանխատեսումները անբարենպաստ կլինեին, նույնիսկ եթե այդ պահին հաջողվեր վեականգնել երեխայի սրտի աշխատանքը։



© NEWS.am Medicine