Ֆրանսիայում առաջին անգամ գրանցվել է Ոսուտու վիրուսով մարդու վարակման դեպք

14:41   11 հուլիսի, 2018

Ֆրանսիայում գրանցվել է Ուսուտու վիրուսով մարդու վարակման երկրի պատմության մեջ առաջին դեպքը, հայտնել են Առողջության եւ բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտից (INSERM):

Վարակման դեպքը գրանցվել է հունիսի 21-ին: Հիվանդացած 30-ամյա տղամարդը INSERM-ի կլինիկա է տեղափոխվել դիմային նյարդի վնասմամբ: Նրան ախտորոշում են կատարել եւ բուժումը սկսել:

Ուսուտու վիրուսը տարածված է Աֆրիկայում: Այն հիվանդ թռչուններից փոխանցվում է մոծակների միջոցով եւ ախտահարում նյարդային համակարգը: Վիրուսը հայտնաբերվել է 1959 թվականին Աֆրիկայում՝ կենդանիների մոտ: 1990-ականների կեսին թռչունների վարակման դեպքեր են գրանցվել եվրոպական երկրներում:

Վարակված մարդկանց մասին տեղեկությունները հայտնվել են 2000-ական թվականներին, վարակման դեպքեր են դիտվել Իտալիայում եւ Խորվաթիայում: Ներկայումս չի գրանցվել մարդուց մարդուն վիրուսի փոխանցման ոչ մի դեպք:.

Բջիջների վրա կատարված փորձերով ապացուցվել է, որ վիրուսը նեյրոնները ոչնչացնում է: Տուժում են նյարդային համակարգի նաեւ մյուս բջիջները: Իմունային համակարգը սրան պատասխանում է ուժեղ բորբոքմամբ: Ըստ երեւույթին, այս բորբոքումը եւ մեռած նեյրոնների քայքայման արդյունքները բերում են էնցեֆալիտի, մենինգիտի կամ մենինգոէնցեֆալիտի: Հնարավոր է նաեւ, որ Ուսուտու վիրուսը, Զիկա վիրուսի նման,  կարող է հղի կնոջից պտղին փոխանցվել եւ խախտել երեխայի ուղեղի զարգացումը: Սակայն սա, ինչպես նաեւ վիրուսի այլ հատկությունները, դեռեւս պետք է պարզել:



© NEWS.am Medicine