Արյան անալիզով կորոշվի մարդու կյանքի տեւողությունը

16:54   11 հուլիսի, 2018

ԱՄՆ-ում Յելի համալսարանի հետազոտողների մշակման շնորհիվ հնարավոր կդառնա արյան անալիզի միջոցով որոշել մարդու կյանքի տեւողությունը:

Ինչպես հայտնում է Biorxiv պարբերականը, մշակված արյան անալիզը հիմնվում է 9 բիոմարկերների վրա: Սա թույլ է տալիս հաշվարկել հիվանդի կենսաբանական տարիքը, ինչպես նաեւ հայտնաբերել անձանց, որոնց մոտ ծերացման պրոցեսն ընթանում է նորմայից ավելի արագ, ինչը մեծացնում է վաղաժամ մահվան եւ տարբեր հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է մահվան եւ բժշկական տվյալների, ինչպես նաեւ մարդկանց սովորությունների միջեւ փոխկապվածությունը: Ընդհանուր առմամբ, 10 տարի տեւած փորձին մասնակցել է 11 հազար մարդ: Պարզվել է, որ 10 տարվա ընթացքում փորձի մասնակիցների քառորդ մասը մահացել է 50-64 տարեկանում, որոնց մոտ ծերացման պրոցեսներն ավելի ինտենսիվ են ընթացել:

Հետազոտողների կարծիքով՝ ծերացման պրոցեսն արագացնող գործոններից են քրոնիկական սթրեսը, կրթական ցածր մակարդակը, ճարպակալումը, ֆիզիկական ակտիվության պակասը, ծխելը:



© NEWS.am Medicine