Շարունակական շոգը ուղեղի աշխատանքը վատթարացնում է

15:37   11 հուլիսի, 2018

Շարունակական շոգը ոչ միայն բացասաբար է ազդում տարեցների առողջության վրա, այլեւ բնակչության բոլոր կարգերի, այդ թվում՝ երեխաների ու երիտասարդների կոգնիտիվ ընդունակությունների վրա, PLoS Medicine ամսագրում հրապարակված հոդվածում նշել են գիտնականները:

«Նման հետազոտությունների մեծ մասը կենտրոնացել է տարեցների եւ բնակչության այլ խոցելի խմբերի առողջության դիտարկումների վրա, ինչը տպավորություն է ստեղծում, որ շոգի ալիքներն ընդհանրապես քիչ են ազդում մնացյալ մարդկանց կյանքի վրա: Մենք դրա իրավացիությունը ստուգեցինք՝ համանման շոգի ժամանակ Բոստոնի հանարակացարաններից մեկում հետեւելով  ուսանողների կյանքին»,- ասել է Հարվարդի համալսարանից (ԱՄՆ) Խոսե Սեդենիո-Լորանը:

Սեդենիո-Լորանը եւ նրա գործընկերները փորձել են գնահատել շոգի ալիքի հետեւանքները, որոնք մարդկանց մահվան չեն բերում, սակայն նրանց կյանքը նկատելիորեն վատթարացնում են: Այս նպատակով նրանք հավաքել են կամավորների խումբ՝ կազմված 48 ուսանողից, որոնք բնակվել են Բոստոնի համալսարանների հանրակացարաններում:

Նրանցից կեսը բնակվել է օդորակիչով սենյակներում, իսկ մնացյալը ավելի հին շենքերում, որտեղ այն չկար: 2016-ի հուլիսին նրանք վերապրել են շոգի մի քանի ալիք, ինչը գիտնականներին թույլ է տվել գնահատել, թե դա ինչպես է ազդել նրանց ֆիզիկական եւ կոգնիտիվ ընդունակությունների վրա:

Այս նպատակով Սեդենիոն եւ նրա խումբը ուսանողներին պարբերաբար խնդրել են հիշողության եւ ուշադրության ստուգման 2 պարզ թեստ անցնել՝ օգտագործելով հենց նրանց սմարթֆոնները: Նրանք պետք է անվանեին գույները, որոնցով ներկված էին էկրանին երեւացող բառերը եւ լուծեին մի քանի թվաբանական խնդիրներ: Թե՛ մեկ, թե՛ մյուս խնդիրներում կային աննշան «խարդախություններ» որոնք ստուգում էին կամավորների ուշադրությունը:

Անխտիր բոլոր ուսանողներն այս խնդիրները միատեսակ լավ են լուծել «նորմալ» եղանակի դեպքում, սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է շոգի ալիք սկսվելիս, որը Բոստոնում գերիշխել է մեկ շաբաթ՝ 2016 թվականի հուլիսի 12-ից 20-ը:

Սովորական սենյակներում բնակվող ուսանողների արդյունքները միջինը 13 տոկոսով վատթարացել են օդորակիչով բնակարանների իենց «մրցակիցների» համեմատությամբ, ըստ որում՝ որոշ դեպքերում ռեակցիայի արագության եւ պատասխանների ճշգրտության տարբերությունները հասել են մինչեւ 30-50 տոկոսի:

Հետաքրքիր է, որ մտավոր ընդունակությունների ամենամեծ «ձախողումը» բաժին է ընկել ոչ թե շոգի բարձրակետին, այլ ցրտելու առաջին օրերին: Ինչպես նշում են գիտնականները, այդ ժամանակ փողոցում օդի ջերմաստիճանն արդեն նվազել էր, սակայն բնակարանները դեռեւս տաք էին մնում, ինչը կարող է հատուկ ձեւով ազդել ուսանողների ուղեղի աշխատանքի եւ օրգանիզմի վրա:



© NEWS.am Medicine