Հայկական ընտանիքների մեծ մասում ցանկանում են երեք երեխա ունենալ. հետազոտություն

13:39   11 հուլիսի, 2018

Հայկական ընտանիքների մեծ մասում ցանկանում են երեք երեխա ունենալ: Հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ժողովրդագրության բաժնի ղեկավար Անի Ասլանյանը՝ վկայակոչելով Հայաստանի բնակչության վերարտադրողական վարքի վերաբերյալ հետազոտության տվյալները:

Հետազոտությունն իրականացվել է 2017 թվականին Երեւանում եւ 4 մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում եւ Շիրակում: Ընդհանուր առմամբ, հետազոտությանը ներգրավվել է 2031 տնտեսություն: Հարցումն անցկացվել է 15-45 տարեկան կանանց եւ 15-54 տարեկան տղամարդկանց շրջանում:

Երեք երեխա ունենալու ցանկության մասին հայտնել է հարցված կանանց 42,8 եւ տղամարդկանց 38,6 տոկոսը: Ըստ որում՝ հարցվածների 27,3 տոկոսը նշել է, որ դա ընտանիքը կամրացնի, 12 տոկոսը կարծում է, որ հայկական ընտանիքներում այդպես է ընդունված, 9,7 տոկոսը որպես հիմնավորում նշել է ժամանակի պահանջը: Հետազոտության անցկացման պահին 50 տոկոսից ավելի զույգեր, որ ցանկանում էին երեք երեխա ունենալ, ընտանիքում երկու երեխա ունեին, 20,5 տոկոսը՝ մեկ երեխա:

Ընտանիքում երեխա ունենալուն խոչընդոտող այլ խնդիրների թվում հարցվածների 15 տոկոսը նշել է լավ աշխատանքի եւ արժանապատիվ աշխատավարձի բացակայությունը: Որոշ զույգեր նշել են նաեւ երկրից հեռանալու իրենց ցանկությունը:

Ասլանյանի խոսքով՝ զույգերն ընտանիք կազմելիս ուշադրություն են դարձնում ոչ միայն ֆինանսական բաղադրիչին, այլ նաեւ բնակարանային խնդրին: Այսպես՝ առաջիկա տարում երեխա ունենալու իրենց ցանկության մասին հայտնել է ընտանեկան զույգերի 23,2 տոկոսը, որոնք 60 քառ.մետր մակերեսով  բնակարանային տարածք ունեն: Նույն չափի բնակարանային տարածք ունեցող զույգերի 61,9 տոկոսը հայտնել է առաջիկա երեք տարում երեխա ունենալու ցանկության մասին:

Խոսելով պետական աջակցության մասին՝ հարցվածների 27,3 տոկոսը նշել է կայուն զբաղվածության եւ արժանի աշխատավարձի ապահովման անհրաժեշտությունը, 24,9 տոկոսը` աշխատանքի եւ երեխային խնամելու համատեղման հարցում օգնության անհրաժեշտությունը, ծառայությունների մատչելիության եւ ֆինանսական օգնության անհրաժեշտության կարեւորության մասին նշել է 29,5 տոկոսը: Հարցվածների եւս 6,3 տոկոսը ընդգծել է համայնքներում սոցիալական եւ մշակութային կյանքի ակտիվացման կարեւորությունը:

Ասլանյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հարցվածների ավելի քան 60 տոկոսը ուշադրություն չի դարձնում վերարտադրողական առողջության պրոֆիլակտիկային՝ հիմնավորելով դա բժշկական ցուցումների բացակայությամբ: Հարցվածների միայն 26,9 տոկոսն է նշել, որ պրոֆիլակտիկ հետազոտություններ է անցնում բժշկի մոտ:



© NEWS.am Medicine