Մուլտիվիտամինները եւ հանքային հավելումները չեն պաշտպանում սրտանոթային հիվանդություններից

21:09   11 հուլիսի, 2018

Մուլտիվիտամինները եւ հանքային հավելումները չեն պաշտպանում սրտանոթային հիվանդությունների զարգացումից։ Այս մասին ասված է Cardiovascular Quality and Outcomes պարբերականում հրապարակված հետազոտությունում։

Մետաանալիզի շրջանակներում վերլուծվել են 18 գիտական ուսումնասիրությունների տվյալներ, որոնք, ընդհանուր առմամբ, ներառել են 2 մլն պացիենտների միջինում 12 տարվա դիտարկման ժամկետով։ Արդյունքում ոչ մի կապ չի հայտնաբերվել պոլիվիտամինների կամ հանքային սննդային հավելումների ընդունման եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի կրճատման միջեւ։

Հետազոտության ղեկավար Ջունսոկ Կիմը (Joonseok Kim) Բիրմինհեմում գտնվող Ալաբամայի համալսարանից հույս է հայտնել, որ ուսումնասիրության տվյալները թույլ կտան մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման այնպիսի մեթոդների, ինչպիսիք են առողջ սնունդը, ֆիզիկական վարժությունները եւ ծխելուց հրաժարվելը։



© NEWS.am Medicine