Գեների խմբագրումը արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարող է նվազեցնել. հետազոտություն

10:39   12 հուլիսի, 2018

Գեների խմբագրումը կարող է դառնալ խոլեստերինի բարձր մակարդակի խնդրի լուծումը: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Biotechnology ամսագրում:

Սովորաբար գենոմի խմբագրումը լաբորատոր ընթացակարգ է, որի ժամանակ գիտնականները ներգործում են հյուսվածքների եւ բջիջների կուլտուրաների վրա: Սակայն ամերիկացի գիտնականներին հաջողվել է գենոմի խմբագրում կատարել ողջ կապիկների լյարդի բջիջներում. նրանք «անջատել» են PCSK9 գենը, որը մասնակցում է «վատ» խոլեստերինի (ցածր խտության լիպոպրոտեիններ) մշակումը նվազեցնող ֆերմենտի սինթեզին:

Խոլեստերինի մակարդակի նվազեցման համար դեղեր են օգտագործում, որոնք արգելափակում են անմիջապես այդ ֆերմենտը: Սակայն որոշ մարդիկ այս դեղամիջոցները չեն յուրացնում, եւ հետազոտողների խոսքով՝  նման մարդկանց ապագայում կկարողանա օգնել գենոմի խմբագրումը:

PCSK9 գենի ակտիվության նվազեցման շնորհիվ ցածր խտության լիպոպրոտեինների պարունակությունը նվազել է 30-60 տոկոսով: Գենոմի խմբագրման համար գիտնականները մշակել են հատուկ ֆերմենտ, որը լյարդի բջիջներին է հասցվում մոդիֆիկացված ադենոասոցացված վիրուսի միջոցով:



© NEWS.am Medicine