Ծխելը խորացնում է մեջքի ցավերը. մասնագետներ

15:59   13 հուլիսի, 2018

Մեջքի ցավերի պատճառները շատերը փնտրում են ապրելակերպի մեջ. կարծիք կա, որ համակարգչի առջեւ նստակյաց աշխատանքը կարող է բերել մեջքի ցավերի: Սակայն իրականում մեջքի ցավերի պատճառը կարող է լինել ծխելը:

Ինչպես նշել է Fortis Hospital-ի բժիշկ Մանջունաթ Մալիգը, ծխելն արագացնում է ողնաշարի դեգեներացիայի պրոցեսը: Ավելին՝ ծխողներն ավելի հաճախ են գանգատվում մեջքի ցավից, քան չծխողները:

Միջողային սկավառակների դեգեներացիան շատ տարածված խնդիր է: Նիկոտինի հետեւանքով տեղի է ունենում միջողային սկավառակների տոքսիկ վնասում: Բացասական ներգործություն են ունենում նաեւ այլ վտանգավոր միացությունները, որոնց ազդեցությանն են ենթարկվում ծխողները, ինչպիսին են՝ բենզոլը, ֆորմալդեհիդը, վինիլքլորիդը, մկնդեղը, կապարը, կադմիումը, ածխածնի մոնօքսիդը, ցիանային ջրածինը, ամոնիակը:

Մասնագետները պնդում են, որ մեջքի ցավերին բախված մարդիկ ծխախոտից հրաժարվելուց հետո իրենց ավելի լավ են զգում, նույնիսկ առանց որեւէ դեղի:

Փորձագետները նաեւ նշում են՝ ծխելը մեծացնում է կոտրվածքների հավանականությունը եւ խոչընդոտում ոսկորների առողջացմանը. որքան մարդը երկար է ծխում, այնքան կոտրվածքի հավանականությունը մեծ է:



© NEWS.am Medicine