Նոր զարկերակային իմպլանտը կարող է նախազգուշացնել սպասվող սրտի նոպայի մասին

23:48   12 հուլիսի, 2018

University of British Columbia-ի  գիտնականները նոր իմպլանտներ են մշակել, որոնք օրվա մեջ 24 ժամ վերահսկում են սրտի եւ անոթների վիճակը ու կարող են նախազգուշացնել սպասվող սրտի նոպայի մասին:

Սրտանոթային հիվանդությունները աշխարհում մահվան առաջատար պատճառն է: Սրտի նոպաները սովորաբար զարգանում են սիրտը սնող զարկերակների լուսանցքի նեղացման կամ խցանման պատճառով: Հաճախ նման դեպքերում արյան թանձրուկի հեռացման վիրահատություններ են անցկացնում եւ հատուկ իմպլանտ՝ զարկերակային ստենտ են տեղադրում:

Ստենտը խողովակ է, որը խանգարում է անոթի նեղացմանը: Դեպքերի մոտ մեկ երրորդի ժամանակ  իմպլանտի շուրջ բորբոքային ռեակցիա է առաջանում, որը կարող է անոթի կրկնակի նեղացման հանգեցնել: Սա, իր հերթին, հղի է հերթական սրտի նոպայով:

Վերոնշյալ խնդիրը լուծելու համար գիտնականները զարկերակային ստենտների նոր տեսակ են մշակել: Կառուցվածքում միկրոսկոպիկ սենսոր է ներդրված, որը հաշվում է արյան շարժման արագությունը, եւ փոքրիկ ալեհավաք, որը կարող է փոխանցել ազդանշանը բժշկի համակարգչին կամ բջջայինին: Այս տեղեկատվության օգնությամբ բժիշկները կարող են արագ արձագանքել առաջացած բորբոքմանը եւ կանխել սրտի նոպայի զարգացումը:



© NEWS.am Medicine