Ինֆեկցիոն հիվանդանոցում աղիքային վարակներով ավելի քան 100 երեխա կա

18:54   12 հուլիսի, 2018

Հայաստանում աղիքային վարակների դեպքերի քանակը շարունակում է մնալ նույն մակարդակում. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ներկայումս մոտ 100-120 աղիքային վարակ ունեցող հիվանդ կա, որոնց մեծ մասը 2-ից 8 տարեկան երեխաներ են: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց հիվանդանոցի տնօրեն Էդուարդ Զարդարյանը:

Նրա խոսքով՝ հիվանդների մեծամասնության մոտ այսօրվա դրությամբ վիրուսային վարակներ են, իսկ բակտերիալ վարակներով հիվանդները քիչ են:

Ինչպես նշում են փորձագետները, ամռանը, ձմռան եւ գարնան համեմատ, աղիքային ինֆեկցիաների թիվը մեծանում է: Սրան նպաստում են ժամանակակից երեխաների ապրելակերպն ու ամենօրյա սովորությունները. շատերը, որպես կանոն, ուտելուց առաջ ձեռքերը չեն լվանում, չեն լվանում նաեւ մրգերը եւ բանջարեղենը, եւ վարակները հայտնվում են նրանց օրգանիզմում կեղտոտ ձեռքերի կամ սննդի միջոցով: Մյուսները վարակվում են լողալու համար չնախատեսված արհեստական ջրավազաններում լողալիս:

Հիշեցնենք, որ աղիքային վարակների կանխարգելման համար խորհուրդ է տրվում երկար ժամանակ արեւի տակ չմնալ, չլողալ լողալու համար չնախատեսված ջրավազաններում, չմոռանալ անձնական հիգիենայի մասին, միշտ լվանալ ձեռքերը եւ ընդունվող սնունդը:



© NEWS.am Medicine