«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կոլեկտիվն առավոտից տրամադրված է գործադուլի. բժիշկ

18:42   12 հուլիսի, 2018

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կոլեկտիվն առավոտից տրամադրված է գործադուլի։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրուցում ասաց «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ Կարեն Մանուկյանը։

«Մի քանի շաբաթ է՝ հիվանդանոցում ստուգումներ են ընթանում, մենք դա նորմալ ենք գնահատում: Մեզ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է նախարարը  նախքան աուդիտի ավարտը չարաշահումների մասին խոսում, ինչ-որ թիվ հնչեցնում, երբ ստուգումները դեռ չեն ավարտվել և դա հրապարակվում է մամուլում: Մեր կոլեկտիվի համար անընդունելի է նման մոտեցումը: Այստեղ մենք քաղաքական ենթատեքստ և միտում ենք տեսնում»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր ողջ անձնակազմով հայտարարություն են տարածել՝ նախարարից պահանջելով դադարեցնել հիվանդանոցի դեմ սկսված արշավը:


«Թերթում լուրի հրապարակումից հետո, առավոտից կոլեկտիվը տրամադրված է գործադուլի, բողոքի ակցիայի, բայց տնօրեն Արա Մինասյանը խստիվ արգելեց՝ բացատրելով, որ չի կարելի խաթարել  աշխատանքային պրոցեսը: Հիվանդները չպիտի տուժեն ստեղված իրավիճակից: Այս տարիներին հիվանդանոցը  հրաշալի զարգացել է՝ թե տեխնիկապես, թե պայմանների բարելավման տեսանկյունից, և դա մեծամասամբ Մինասյանի անձնական ջանքերի արդյունքն է: Ուրախ ենք, որ նոր նախարար ունենք, բայց չի կարելի անտեսել մի ամբողջ կոլեկտիվի, դրա ղեկավարի տասնամյակների քրտնաջան աշխատանքը»,- հավելեց բժիշկը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով դադարեցնել հիվանդանոցի դեմ Առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը: «Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու  բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»,- նշված է աշխատակիցների հայտարարությունում:

Փրկենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ն նախարարի կամայականություններից. հայտարարություն

 

 

 



© NEWS.am Medicine