Գիտնականները հերքել են ոչ յուղազերծ կաթնամթերքի եւ կարագի վնասի մասին առասպելը

17:05   16 հուլիսի, 2018

Ոչ յուղազերծ կաթում, յոգուրտում, պանրում կամ կարագում պարունակվող չհագեցած ճարպերն ամենեւին էլ վտանգավոր չեն, չնայած տարածված կարծիքին: Այսպիսի եզրահանգման են եկել University of Texas-ի գիտնականները:

Նրանց հետազոտության համաձայն, որին մասնակցել է 65 տարեկանից մեծ 3 հազար մեծահասակ, այսպիսի մթերքների օգտագործումը ոչ միայն վնասակար չէ, այլեւ, հակառակը, 42 տոկոսով նվազեցնում է կաթվածի հետեւանքով մահվան հավանականությունը: Հնարավոր է՝ սա պայմանավորված է դրանցում կալցիումի եւ այլ օգտակար նուտրիենտների մեծ պարունակությամբ, որոնք բարերար են ազդում օրգանիզմի աշխատանքի վրա:

Մասնագետները հետազոտության ընթացքում 22 տարի հետեւել են կամավորներին: 1992 թվականին, ինչպես նաեւ 6 եւ 13 տարի հետո հետազոտողները գնահատել են մասնակիցների արյան պլազմայում տարբեր ճարպաթթուների մակարդակները: Գիտնականները հայտնաբերել են, որ ճարպաթթուներից մեկը զգալիորեն նվազեցրել է սիրտ-անոթային հիվանդությունների, հատկապես կաթվածի հետեւանքով մահվան հավանականությունը:

Մասնագետները նշել են, որ յուղային կաթը, յոգուրտը եւ պանիրը օգտակար նյութեր են պարունակում, ինչպիսին են՝ կալցիումը, որը նվազեցնում է արյան ճնշումը, եւ հակաբորբոքային ճարպաթթուները: Իսկ յուղազերծ մթերքներում կարող է մեծ քանակությամբ շաքար պարունակվել, որը, ինչպես հայտնի է, կապված է ստի հիվանդությունների հետ:



© NEWS.am Medicine