Հղիության ընթացքում առաջացած բարդությունները կախված են երեխայի սեռից. հետազոտություն

11:51   17 հուլիսի, 2018

Կախված պտղի սեռից՝ կարելի է կանխատեսել հղիության ընթացքում այս կամ այն բարդությունների վտանգը, պնդում են Քեմբրիջի համալսարանի գիտնականները:

Այսպես՝ աղջիկը հղիության ընթացքում մեծացնում է նախաէկլամպսիայի հավանականությունը (բարդություն, որը բնութագրվում է արյան բարձր ճնշմամբ եւ մեզի մեջ սպիտակուցի առաջացմամբ), իսկ տղան՝ պտղի ներարգանդային զարգացման հետաձգման վտանգը, ինչը կապված է կեսարյան հատման անհրաժեշտության եւ երեխայի նյարդաբանական խանգարումների հետ:

Մասնագետներն ուսումնասիրել են շուրջ 4000 մայրերի մոտ ընկերքի ու արյան նմուշները եւ պարզել են, որ ընկերքի գենետիկական պրոֆիլները տարբերվում են՝ կախված երեխայի սեռից: Գեներից մեկը, որի ակտիվությունը կապված է սեռի հետ, վերահսկում է կարեւոր մետաբոլիտի՝ սպերմինի, մակարդակը: Աղջկանով հղի կանանց մոտ այդ մետաբոլիտն ավելի շատ էր, իսկ տղայով հղի կանանց մոտ՝ քիչ:

Բացի այդ, տղայով հղի կանանց ընկերքի բջիջները զգայուն էին սպերմինի արտադրությունն արգելող դեղամիջոցի թունավոր հետեւանքների նկատմամբ: Ըստ մետաբոլիտի մակարդակի՝ կարելի էր որոշել բարդությունների վտանգը: Սպերմինի բարձր մակարդակը կապված էր նախաէկլամպսիայի հետ, իսկ ցածր մակարդակը՝ պտղի զարգացման ձգձգման:



© NEWS.am Medicine