Աղբի կուտակները կարող են «հարվածել» առողջությանը. փորձագետները մտահոգված են «Սանիթեքի» անգործությամբ

13:48   17 հուլիսի, 2018

«Սանիթեք» ընկերության կողմից ժամանակին չկատարված աղբահանությունը առողջության համար լուրջ վտանգներ է պարունակում:

Հուլիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ թիվ 2 բուժմիավորման թերապեւտիկ ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշեց, որ աղբի փտման դեպքում օդի մեջ քիմիական միացություններ են հայտնվում, որոնք կարող են առողջությանը շոշափելի վնաս հասցնել: Խոսքը, մասնավորապես, ծծմբաածխածնի մասին է, որն առաջացնում է ալերիգիա, բերանում չորություն, աշխատունակության նվազում: Քաղցկեղածինները մթնոլորտի մեջ են ընկնում նաեւ օրգանական թափոնների այրման գործընթացում: Այսպիսով, խնջույքների շատ սիրահարների՝ իրենցից հետո աղբն այրելու սովորությունը կարող է առողջության համար վտանգավոր լինել:

Բացի այդ՝ աղբի կուտակները բարենպաստ միջավայր են դառնում տարբեր ախտածին բակտերիաների բազմացման համար: Ըստ որում՝ ինֆեկցիաները տարածվում են կրծողների, մոծակների, թափառող կենդանիների միջոցով: Ծնողի խնամքից դուրս մնացած երեխաները կարող են խաղալ աղբարկղերին շատ մոտ եւ այդպիսով  աղտոտված միջավայրի հետ շփման միջոցով աղիքային ինֆեկցիաներ «վաստակել»: Այս կապակցությամբ Մանուկյանը պատահական չհամարեց այն փաստը, որ վերջին շրջանում նկատվում է երեխաների շրջանում աղիքային ինֆեկցիաներով հիվանդացության աճ:

Փորձագետը նշեց, որ ըստ միջազգային նորմերի՝ եթե օրվա միջին ջերմաստիճանը +22 աստիճանից անցնում է, աղբահանությունը պետք է իրականացվի օրական 3 անգամ: Մինչդեռ Հայաստանում այսպիսի ստանդարտները չեն գործում:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ԲԸ ղեկավար Կարեն Չիլինգարյանն իր հերթին վերջին օրերին մայրաքաղաքում աղբահանության վիճակը խայտառակ որակեց:

Հիշեցնենք, որ թափոնները ժամանակին չհավաքելու պատճառով Երեւանի բոլոր վարչական շրջաններում աղբարկղերը վերածվել են իսկական աղբյուսների: Ըստ որում՝ իրավիճակը խորանում է եղանակային պայմանների հետեւանքով. առանձին օրերի օդի ջերմաստիճանը անցել է +40 աստիճան նիշից:

Չիլինգարյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ այս հարցում գործող օրենսդրությունը ոչ մի կերպ չի պաշտպանում սպառողների իրավունքները: «2011 թվականին հապճեպ օրենք ընդունվեց «Աղբահանության եւ սանմաքրման մասին», որում ամրագրված են միայն սպառողների պարտականությունները»,- նշեց նա:

Փորձագետը տեղեկացրեց, որ կառավարության որոշման համաձայն՝ մինչեւ +5 աստիճան ջերմաստիճանի դեպքում աղբահանությունը պետք է իրականացվի 3 օրը մեկ, իսկ +5 աստիճանից բարձր լինելու դեպքում՝ ամեն օր: «Իսկ մենք ականատես ենք եղել, թե ինչպես աղբահավաքություն չի կատարվում 40 աստիճան շոգի պայմաններում»,- նշեց նա:

Չիլինգարյանը հավելեց, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք աղբահանության խնդիրները դարձյալ պատշաճ մակարդակով չէին լուծվում: «Չգիտեմ՝ դա ինչի հետ է կապված, սակայն վերջին օրերին այս ոլորտում իրավիճակը միայն վատթարացել է»,- ասաց փորձագետը:

Հավելենք, որ մայրաքաղաքում աղբահանությունը կարգավորում է «Սանիթեք» ընկերությունը: Մինչեւ այսօր այն այդպես էլ խելամիտ պատասխան չի տվել, թե ինչու են տվյալ աշխատանքները սկսել իրականացնել անբավարար մակարդակով:



© NEWS.am Medicine