Օծանելիքները եւ պլաստիկե կոնտեյներները երեխային կարող են վնաս հասցնել մոր արգանդում

16:48   19 հուլիսի, 2018

Օծանելիքները եւ սնունդի կոնտեյներները կարող են մոր արգանդում բացասաբար ազդել պտղի ուղեղի զարգացման վրա: Նոր հետազոտության ընթացքում նման եզրահանգման են եկել University of Illinois-ի գիտնականները:

Նրանց խոսքով՝ պատճառը ֆտալատներն են, որոնք պարունակվում են օծանելիքի ու պլաստիկի մեջ եւ ներգործում հորմոնալ համակարգի վրա:

Հետազոտության ընթացքում գիտնականները ֆտալատներով թխվածքաբլիթ են տվել (որոնք կարող են հայտնվել սննդամթերքում, եթե տաքացվեն պլաստիկե սպասքում) հղի եւ կերակրող մկներին: Երբ մկների ժառանգները մեծացել են, նրանց մոտ սկսել են երեւան գալ կոգնիտիվ շեղումներ:

Գիտնականները հետազոտել են նաեւ արդեն հասունացած ժառանգների ուղեղը: Հաշվարկել են նեյրոններն ու սինապսները (նեյրոնների կապի տեղերը) գլխուղեղի նախաճակատային կեղեւում. ուղեղի այս գոտին կապված է ուշադրության, ծրագրավորման, կողմնորոշման եւ իմպուլսների վերահսկման հետ: Կենդանիների մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ շփվել էին ֆտալատների հետ, դիտվել է նեյրոնների եւ սինապսների թվի նվազում:

Իրականում անհնար է լիովին խուսափել ֆտալատների հետ շփումից: Սակայն գիտնականները խորհորդ են տալիս առավելագույնս նվազեցնել ֆտալատներով մթերքների գործածումը, իսկ դրա համար խորհուրդ է տրվում կերակուրը չպահել եւ չտաքացնել սննդային պլաստիկից կոնտեյներներում:



© NEWS.am Medicine