Համակարգչային տոմոգրաֆիան կարո՞ղ է արդյոք երեխաների մոտ ուղեղի քաղցկեղ առաջացնել

23:48   19 հուլիսի, 2018

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ոչ ինվազիվ մեթոդ է, որի օգնությամբ ռենտգենյան ճառագայթումը ստեղծում է մարմնի անհրաժեշտ մասի շերտավոր պատկերը: Մարդկանցից շատերը վախենում են կողմնակի էֆեկտներից, որոնք կարող են առաջանալ ՀՏ-ից հետո: Journal of the National Cancer Institute-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս վախերն այնքան էլ անհիմն չեն. հնարավոր է, որ ՀՏ-ն իսկապես մեծացնում է երեխաների մոտ ուղեղի քաղցկեղի զարգացման վտանգը:

Netherlands Cancer Institute-ի գիտնականները վերլուծել են 1979-ից 2012 թվականները ՀՏ անցած 164 394 երեխաների մասին տվյալները: Լեյկոզի հետ հետազոտության ոչ մի կապ չի հայտնաբերվել, սակայն ուղեղի քաղցկեղի զարգացման հավանականության կապը կախված էր հետազոտությունների ժամանակ ստացած ճառագայթման չափաքանակից: Ճառագայթման առավելագույն քանակություն ստացածների համար քաղցկեղի հավանականությունը մեծանում էր 2-4 անգամ:

Ստացած տվյալներից ճիշտ եզրահանգման գալը հեշտ խնդիր չէ, նշել է հետազոտության առաջատար հեղինակ Մայքլ Հաուփթմանը: Բանն այն է, որ ՀՏ-ն հաճախ օգտագործվում է այն վիճակների ախտորոշման համար, որոնք ինքնին կապված են քաղցկեղի հավանականության հետ: Սա նշանակում է, որ ՀՏ անցած հիվանդների ընտրությունը արդեն պոտենցիալ կերպով վերաբերել է մարդկանց խմբին, որոնց մոտ ուղեղի ուռուցքները միջինից ավելի հաճախ են հանդիպում:

«Այդուհանդերձ, այս տեղեկատվության մեր մանրակրկիտ գնահատականները եւ այլ հետազոտություններով ստացված ապացույցները վկայում են, որ ՀՏ ճառագայթումը մեծացնում է ուղեղի քաղցկեղի հավանականությունը: Մանկաբուժության մեջ ՀՏ-ի համար ցուցումների ճշգրիտ որոշումը եւ ճառագայթման չափաքանակների օպտիմալացումը, ինչպես արվում է շատ հիվանդանոցներում, պարտադիր են ռիսկերը նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Հաուփթմանը:  

Հետազոտողների խոսքով՝ երեխաները ճառագայթման նկատմամբ ավելի զգայուն են, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս բժշկական վիզուալացումն օգտագործել միայն այն դեպքում, եթե դա իսկապես անհրաժեշտ է, եւ նշանակել ճառագայթման հնավավոր նվազագույն չափաքանակներ:

Մասնագետները նաեւ նշում են, որ չնայած ուղեղի քաղցկեղով հիվանդացության հնարավոր աճին, հիվանդության դեպքերը, որ լրացուցիչ առաջացել են ՀՏ հետեւանքով, շատ փոքրաթիվ են: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՏ-ից օգուտը, այսպես թե այնպես, ավելի մեծ է հնարավոր ռիսկերից: Սակայն այս տեխնոլոգիան պետք է օգտագործվի միայն բացարձակ կլինիկական անհրաժեշտության դեպքում:



© NEWS.am Medicine