Տզրուկները օգնել են փրկել կնոջ քիթը անհաջող վիրահատությունից հետո

13:43   21 հուլիսի, 2018

Ամերիկուհի Շարի Մանչոնը 25 հազար դոլար է ծախսել անհաջող պլաստիկ վիրահատության վրա, որից հետո նրա քիթը սևացել է ու պոկվել։ Քիթը փրկել օգնել են… տզրուկները։

Պլաստիկ վիրահատությունը նվեր էր , որը կինն արել էր ինքն իրեն 40-ամյակի կապակցությամբ՝ անցած տարվա նոյեմբերին։ Ռինոպլաստիկայից քիչ անց նրա մոտ սկսվել էր հետվիրահատական դեֆորմացիա, որի հետևանքով քթի վերևի մասը առանձնացել էր կրճիկից, իսկ պրոֆիլից նրա քիթը նմանվել էր թութակի կտուցի։ Կինը տագնապած դիմել էր բժիշկներին, որոնք նրա մոտ ախտորոշել էին ենթամաշկային արյան զեղումներ ու սինուսիտ։ Այդ ժամանակ կնոջ քիթն արդեն նկատելիորեն սևացել էր։

Մի քանի շաբաթվա ընթացքում կնոջ քթից զգալի քանակությամբ լորձ էր հոսում։ Նա հիշում է, որ դա պարզապես սարսափելի էր՝ թե ֆիզիոլոգիապես, թե հոգեպես, ու ինքն ամաչում էր մարդկանց աչքին երևալ։

Միայն վիրահատությունից մեկ ամիս անց է կնոջը հաջողվել հավաքել ուժերն ու դիմել վիրաբույժի, բայց ոչ այն մեկին, որն արել էր անհաջող ռինոպլաստիկան, այլ մեկ ուրիշի։ Շարին գրեթե 5000 կմ տարածություն  է հաղթահարել, որպեսզի դիմի Բեվերլի Հիլզում գտնվող հեղինակավոր կլինիկաներից մեկին։ Շարին ինքն իրեն նախապատրաստել էր այն մտքին, որ իրենից պահանջելու են ևս մեկ կլորիկ գումար, բայց բժիշկ Դոնալդ Յոն, «Պլաստիկայից այլանդակված» շոուի հաղորդավարներից մեկը, նրան մեկ այլ տարբերակ է առաջարկել։

Նա հայտնել է, որ անհրաժեշտ է վերականգնել քթի նորմալ արյան շրջանառությունը, իսկ դրա համար տզրուկներ են անհրաժեշտ։ Ու Շարիին ուղարկել են Լոս Անջելես գիրուդոթերապևտի մոտ, որը բավականին  համեստ գումարի դիմաց օգնել է կնոջը։ Երեք օրից կնոջ քիթն արդեն վերականգնել էր իր նորմալ գույնը, իսկ սինուսիտն անցել էր։ Հիմա արդեն Շարին գոհ է պլաստիկայի արդյունքներից։



© NEWS.am Medicine