Քնի հետ կապված խնդիրները կարող են վկայել ցրված սկլերոզի զարգացման հավանականության մասին․ հետազոտություն

19:00   21 հուլիսի, 2018

Ցրված սկլերոզը հնարավոր է սովորականից առնվազն հինգ տարի շուտ հայտնաբերել, վստահեցնում են University of British Columbia համալսարանի գիտնականները ։ Բանն այն է, որ ցրված սկլերոզով հիվանդներից շատերը դեռ մինչև հիվանդության դրսևորումը քնի կամ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ են ունենում, այդ թվում ցավեր։

Ցրված սկլերոզի դեպքում իմունային համակարգը հարձակվում է միելինի վրա՝ պաշտպանական պատյան, որը ապահովում է նեյրոնների միջև ազդանշանների արագ փոխանցումը։ Կախված նրանից, թե ուղեղի որ մասերն են ախտահարվում, տուժում է տեսողությունը, նկատվում են մկանային թուլություն, հավասարակշռության, կոորդինացիայի ու մտավոր ունակությունների խախտումներ։

Գիտնականները պարզել են, որ ֆիբրոմիալգիան (մկանային-կմախքային ցավը) եռակի հաճախ է տարածված այն մարդկանց շրջանում, ում մոտ հետագայում ցրված սկլերոզ է ախտորոշվել։ Ավելին, գրգռված աղիների համախտանիշը գրեթե  կրկնակի հաճախ է հայտնաբերվում սկլերոզով հիվանդների մոտ։ Միգրենները, տրամադրության ցանկացած խանգարումները, տագնապային զգացողությունները, դեպրեսիան, երկբևեռ խանգարումը նույնպես ավելի շատ են տարածված ցրված սկլերոզով տառապողների մոտ։

Գիտնականների խոսքով՝ դա կարելի է հաշվի առնել ու միանգամից ստուգել ցրված սկլերոզի առկայությունը այն հիվանդների մոտ, ովքեր դիմում են նման գանգատներով։



© NEWS.am Medicine