Աչքի նոր կաթիլները միլիոնավոր մարդկանց կօգնեն լուրջ հիվանդությունները բուժելիս

12:30   23 հուլիսի, 2018

Աչքի նոր կաթիլները միլիոնավոր մարդկանց կօգնեն լուրջ հիվանդությունները բուժելիս: Ինչպես նշում է Medical Express-ը, Բիրմինգեմի համալսարանի գիտնականների խումբը աչքի կաթիլների մշակման մի շարք փորձեր է կատարել, որոնք տարիքային մակուլյար դեգեներացիայի դեպքում կարող են բուժական էֆեկտ ունենալ (ՏՄԴ):

Այսօրվա դրությամբ այս հիվանդությունը տեսողության կորստի պատճառներից մեկն է: Հիվանդության տարածվածությունը կտրուկ աճում է բնակչության աճին զուգահեռ, եւ 2020 թվականին աշխարհում այս հիվանդության կրող կարող է լինել մոտ 200 միլիոն մարդ: Միայն Մեծ Բրիտանիայում ավելի քան 500 հազար մարդու մոտ առկա է ՏՄԴ ուշ փուլ:

Տարիքային մակուլյար դեգեներացիան բուժվում է աչքի ներարկումներով, որոնք կատարում է միայն բժիշկը: Սակայն Բիրմինգեմի համալսարանի մասնագետները հույս ունեն, որ աչքի կաթիլները կլինեն ոչ միան պակաս թանկարժեք բուժում, այլեւ կօգնեն նվազեցնել հնարավոր բարդությունները, որոնք կարող են առաջանալ ներարկումների հետեւանքով: Դրանից բացի, հիվանդները կարող են իրենց բուժումն ինքնուրույն կառավարել:

Անցկացված փորձերը ցույց են տվել, որ կաթիլները նույն բուժական արդյունքն ունեն, ինչ ներարկումները: Դրանք արդեն թեստավորվել են առնետների վրա, ծրագրել են հետազոտություններ անցկացնել ճագարների եւ խոզերի վրա:

Նախատեսվում է կլինիկական հետազոտություններ կատարել 2019 թվականի գարնանը:



© NEWS.am Medicine