Շվեդիայի բնակչուհիները հղիացել են հակաբեղմնավորման բջջային հավելվածի պատճառով

21:41   23 հուլիսի, 2018

Շվեդիայի տասնյակ բնակչուհիներ հղիացել են Natural Cycles հակաբեղմնավորման բջջային հավելվածի պատճառով:

The Guardia-ը հայտնում է, որ բջջային հավելվածը հետեւում է դաշտանային ցիկլին եւ կանխատեսում հղիանալու հավանականությունը: Այս նպատակով հավելվածը մշակողները առաջարկում են ամեն առավոտ տեղադրել մարմնի ջերմաստիճանի տվյալները: Natural Cycles-ի տարեկան բաժանորդագրությունն արժե գրեթե 60 ֆունտ սթերլինգ:

Մինչդեռ, ինչպես պարզվել է, հավելվածի կանխատեսումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել, ինչի հետեւանքով 668 կանանցից 37-ը, որոնք 2017-ի սեպտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում Շվեդիայի խոշոր հիվանդանոցներից մեկում աբորտ են կատարել, տեղի ունեցածի համար մեղադրել են հենց Natural Cycles-ին:

Արդյունքում Շվեդիայի իշխանությունները ստիպված էին ստուգումներ սկսել: Natural Cycles-ի ներկայացուցիչները հաստատել են, որ հղիությունների թիվը համաչափ է բջջային հավելվածի շվեդ օգտատերերի թվին:

Ուշագրավ է, որ 2017 թվականին հավելվածի օգտագործումը ԵՄ-ում հավանություն է ստացել: Natural Cycles-ում գրանցված է 700 հազարից ավելի օգտատեր՝ ավելի քան 200 երկրից, ըստ որում՝ 125 հազարը բաժին է ընկնում միայն Մեծ Բրիտանիային:



© NEWS.am Medicine