Կետոգենային սննդակարգը համարել են աշխարհում ամենաառողջ սննդակարգը

10:50   31 հուլիսի, 2018

ԱՄՆ-ից գիտնականները առաջատար դիետոլոգների եզրակացությունների հիման վրա եկել են այն եզրահանգման, որ կետոգենային սննդակարգը հավակնում է աշխարհում ամենաառողջի կոչմանը, հայտնում է Business Insider-ը:

«Կետոգենային սննդակարգը մարդուն օգնում է ճիշտ կազմել սնվելու սեփական սննդակարգը, բարելավել բոլոր ներքին օրգանների աշխատանքը, որոնք պատասխանատու են ինչպես մարսողության, այնպես էլ սիրտ-անոթային գործունեության համար, ինչպես նաեւ նվազեցնում է ուղեղի ծանր հիվանդությունների առաջացումը»,- պնդում են հետազոտողները:

Կետոգենային սննդակարգի գլխավոր սկզբունքն է ածխաջրերի քիչ օգտագործումը՝ օրական 30 գրամից ոչ ավելի: Ինսուլինի եւ շաքարի մակարդակի կայուն նվազեցումը, որը տեղի է ունենում այսպես սնվելու դեպքում, մարդու առողջության վրա շատ օգտակար ազդեցություններ ունի, կարծում են մասնագետները:

Գոյություն ունեն կետոգենային սննդակարգի մի քանի տարբերակներ.

Ստանդարտ կետոգենային սննդակարգ: Սնունդի օրաբաժնում ածխաջրերի պարունակությունը չի գերազանցում 5 տոկոսը, սպիտակուցների պարունակությունը՝ 20 տոկոսը, մինչդեռ ճարպերի պարունակությունը մեծ է՝ 75 տոկոս:

Ցիկլիկ կետոգենային սննդակարգ: Կետոգենային սննդակարգի եւ սովորական սնվելու համադրություն՝ 5:2 հարաբերակցությամբ: Այսինքն՝ այսպես սնվելու դեպքում շաբաթական 2 օր թույլ է տրվում ածխաջրային ոչ մեծ ծանրաբեռնում:

Թիրախային կետոգենային սննդակարգ: Ածխաջրերի գործածումը թույլատրվում է մարզումների օրերին:

Բարձրսպիտակուցային կետոգենային սննդակարգ:  Ներառում է մեծ քանակությամբ սպտակուցներ: Մակրոնուտրիենտների հարաբերակցությունն է՝ 60 տոկոս ճարպեր, 35 տոկոս սպիտակուցներ եւ 5 տոկոս ածխաջրեր:

Գիտնականները հայտարարել են, որ կետոգենային սննդակարգը կարող է դառնալ ծերացման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այս սննդակարգին հետեւելը նպաստում է մտավոր գործունեության համար ուղեղը մեծ պատրաստականության վիճակում պահելուն, ինչը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից կամ ծերունական դեմենցիայից, ինչպես նաեւ ամրացնում է ոսկորները:

Կետոգենային սննդակարգն օգնում է նաեւ պայքարել մետաբոլիկ համախտանիշի եւ դրա հետեւանքների դեմ, որոնք ներառում են նյութափոխանակության խանգարումը, ճարպակալումը, արյան մեջ շաքարի բարձրացումը եւ 2-րդ տիպի դիաբետը, չափազանց բարձր խոլեստերինը:



© NEWS.am Medicine