Ինչո՞վ են շոգին վտանգավոր օդորակիչները եւ ջրի քուլերները

21:26   1 օգոստոսի, 2018

Շոգ եղանակին շատերը օդորակիչներ են օգտագործում, բայց միշտ չէ, որ դա ճիշտ են անում, ինչը առողջական խնդիրների է հանգեցնում: Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հաղորդել է  Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Օդորակիչների օգտագործման պատճառով աճում են նշիկաբորբով, բրոնխիտով եւ անգամ թոքերի բորբոքումով դեպքերի թիվը: Դրանք չեն առաջանում  վիրուսների կամ մանրէների պատճառով, այլ միայն ջերմաստիճանի կտրուկ տատանման պատճառով, այն պատճառով, որ մարդիկ քրտնում են, հետո սառում», - նշել է նա:

Մասնագետի խոսքով, օդորակիչները պետք է այնպես տեղադրել, որպեզի մարդիկ սառը օդի հոսքի տակ չհայտնվեն եւ հոսքը հարկավոր է ներքեւ ուղղել՝ օդի շրջանառությունն ապահովելու համար:

Ըստ Լիանա Թորոսյանի, խմելու ջրի համար նախատեսված սարքավորումները՝ քուլերները, նույնպես առողջության համար ռիսկեր են պարունակում, քանի որ ջուրը դրանցում կարող է երկար ժամանակ մնալ, տաքանալով եւ սառելով, ինչը կարող է հանգեցնել որոշակի որակական փոփոխությունների:

Լիանա Թորոսյանը հորդորեց դրան ուշադրություն դարձնել եւ հաճախ փոխել նման սարքերի ֆիլտրերը, ինչպես նաեւ հաճախ փոխել օդորակիչների ֆիլտրերը, քանի որ դրանք բակտերիաների բազմացման համար հարմար վայր են: Նա հիշեցրեց, որ պատահական չէ, որ նման լուրջ հիվանդությունը, ինչպիսին լեգիոնելոզն է, «օդորակիչների հիվանդություն» են անվանում:



© NEWS.am Medicine