Բժիշկները կեսարյան հատում են ընտրում դատական հայցերի մտավախություն ունենալով

13:30   4 օգոստոսի, 2018

Բժիշկների գործնականում 70 տոկոսը, որոնք ծնունդ ընդունելիս ընտրում են կեսարյան հատումը, այս քայլին են դիմում հետագա դատաքննությունների մտավախություն ունենալով:

Դուբլինի Trinity College-ի հետազոտությամբ վերլուծվել են 34 գիտական ուսումնասիրություններ, որոնք վերաբերել են կեսարյան հատման նկատմամբ բժիշկների վերաբերմունքին, դրանք անցկացվել են աշխարհի 20 երկրներում 1992-2016 թվականների ժամանակահատվածում: Ինչպես հայտնում է Public Library of Science ամսագիրը, այս հետազոտություններից մեկը, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում, վկայում է, որ բժիշկների 67 տոկոսի կողմից կեսարյան հատման ընտրությունը կապված է հետագա դատաքննությունների մտավախության հետ: Բուժանձնակազմի վախը հիմնականում պայմանավորված է բնական ծննդաբերության ժամանակ բարդությունների պատճառով հնարավոր իրավաբանական հետեւանքներով:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի առողջապահության նախարարությունների նորմերով՝ կեսարյան հատումը պետք է կատարվի հատուկ ցուցումների ժամանակ: Այն կարող է կապված լինել տարբեր ինֆեկցիաներով վարակվելու, արյունահոսության եւ ներքին օրգանների վնասվելու վտանգի հետ, ինչպես նաեւ երեխայի շնչառության հետ կապված խնդիրների առաջացման հետ:

Սակայն, ինչպես վկայում են հետազոտությունները, կեսարյանը հատումն ընտրելով՝ բժիշկները գերագնահատում են բնական ծննդաբերության վտանգները, կեսարյան հատումը ավելի հարմար ու անվտանգ համարելով: Նրանց մտավախությունները նաեւ կապված են բնական ծննդաբերությունից հետո այնպիսի բարդությունների հնարավոր զարգացման հետ, ինչպիսին են անմիզապահությունը կամ հեշտոցային պրոլապսը (արգանդի եւ հեշտոցի իջեցումը):

Կեսարյան հատումն ընտրելու եւս մեկ պատճառ է իրենց աշխատանքային ժամանակացույցը վերահսկելու բժիշկների ցանկությունը, քանի որ բնական ծննդաբերությունը կարող է տեղի ունենալ ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամին:



© NEWS.am Medicine