Կարելի է քաղցկեղային բջիջներն ընդմիշտ «քնեցնել»

21:30   6 օգոստոսի, 2018

Ավստրալացի գիտնականների նոր մշակման շնորհիվ հնարավոր է դարձել քաղցկեղային բջիջները «քնեցնել»:

Ինչպես հայտնում է Nature ամսագիրը, գիտնականների մշակած հատուկ նյութն ազդում է KAT6A եւ KAT6B սպիտակուցների վրա, որոնք կարեւոր դերակատարում ունեն քաղցկեղային բջիջների զարգացման մեջ: Արյան քաղցկեղով հիվանդ մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այս սպիտակուցների ճնշումը կյանքի տեւողությունը 4 անգամ մեծացնում է: Բացի այդ՝ նյութը կանխարգելել է քաղցկեղային բջիջների աճն ու տարածումը՝ չվնասելով առողջ բջիջների ԴՆԹ-ն:

Ոչ պակաս կարեւոր գործոն է նաեւ այն, որ քաղցկեղային բջիջները զրկվում են բջջային ցիկլը գործարկելու ունակությունից: Տվյալ դեպքում խոսքը բջջային ծերացման մասին է, երբ բջիջներն այլեւս չեն կարողանում տրոհվել եւ բազմանալ: Արդյունում՝ քաղցկեղային բջիջն ընդմիշտ «քնում» է:

Նոր նյութի հիման վրա գիտնականները ներկայումս մշակում են համապատասխան դեղամիջոց, որը, նրանց կարծիքով, կարելի է օգտագործել համախմբված թերապիայի ժամանակ:



© NEWS.am Medicine