23:45 6 օգոստոսի, 2018Մագնիումը կարեւոր բաղադրիչ է մարդու օրգանիզմում երեք հարյուր կենսաքիմիական ռեակցիաների համար: Ավստրալացի սննդաբան Ֆիոնա Տակը (Fiona Tuck) վստահ է, որ մագնիումի շնորհիվ մենք ստանում ենք անհրաժեշտ կենսական ուժեր: Բացի այդ, այն ամրացնում է ոսկորները, ինչպես նաեւ կարեւոր դեր է խաղում արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու գործընթացում:
Փորձագետները խորհուրդ են տալիս մեծ ուշադրություն դարձնել առողջ սնունդին եւ չանտեսել թարմ մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը:
Տարբեր երկրների առողջապահական ազգային հաստատություններից ստացված տեղեկատվության համաձայն, մագնիումի օգտագործման առաջարկվող նորմաները կանանց համար օրական կազմում են 310-320 մգ, տղամարդկանց համար`400-420 մգ:
Մագնիումի պակաս կարող է լինել այն անձանց մոտ, ովքեր չարաշահում են ալկոհոլը եւ կարեւորություն չեն տալիս առողջ սննդին: Մինչդեռ օրգանիզմում դրա պակասը կարող է բացասական ազդեցություն ունենալ ոսկրային համակարգի վրա եւ տրամադրության անկում առաջացնել ընդհուպ մինչեւ դեպրեսիա:
Նման հետեւանքներից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս օրաբաժնում ներառել կանաչի, սպանախ եւ կաղամբ: Ճաշի կամ ընթրիքի համեղ լրացում կարող են լինել նուշը, կակաոն, հնդկական եւ բրազիլական ընկույզը, ինչպես նաեւ շատերի կողմից սիրված դդումի սերմերը:
Առողջ օրաբաժնում իրենց ներդրումն ունեն ոսպը, ոլոռը, լոբին եւ սիսեռը: Շատերի կողմից սիրված բանանները նույնպես կարող են լրացնել օրգանիզմում մագնիումի պակասը:
Մրգերի եւ բանջարեղենի օգտագործման համար լավ լրացում կարող է լինել նաեւ ալկոհոլից հրաժարվելը, կարծում է սննդաբան Ֆիոնա Տակը: