Ճարպակալումից կարող է փրկել պատվաստումը, համոզված են գիտնականները

13:12   8 օգոստոսի, 2018

Գիտնականները վստահ են, որ ճարպակալման դեմ պատվաստանյութի ստեղծումը ավելորդ քաշի դեմ պայքարի միագամայն իրատեսական հեռանկար է…

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հետազոտողների ենթադրությամբ՝ ճարպակալումն առաջացնում է վիրուսը, եւ երիտասարդ տարիներին համապատասխան պատվաստումը կօգնի կանխել ճարպակալումը:

Մասաչուսեթսի համալսարանի մասնագետները ուշադրություն են դարձրել ադենովիրուս-36-ի վրա, որը 4 անգամ ավելի հաճախ է հանդիպում գեր, քան նորմալ քաշով մարդկանց մոտ: Գիտնականների գնահատականներով՝ ավելցուկային քաշով մարդկանց նվազագույնը 30 տոկոսը այս վիրուսով վարակված է:

Ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված փորձերը, վիրուսն ավելացնում է մինչեւ 15 տոկոս ավելորդ քաշ: Վիրուսը կրկնակի էֆեկտ է առաջացնում. գրգռում է ճարպային բջիջները՝ դրանցում բորբոքային պրոցեսներ առաջացնելով, եւ դրա հետ մեկտեղ խոչընդոտում է դրանց մահվանը կամ օրգանիզմից դուրս բերելուն: Ախտահարված բջիջները կուտակվում են օրգանիզմում, ինչը ճարպակալում է առաջացնում:

Նոր հետազոտությունները, սակայն, ոչ բոլոր մասնագետներին են համոզել: Այսպես՝ ճարպակալման հարցերով փորձագետ, University College London-ի պրոֆեսոր Նիկ Ֆինները New Scientist ամսագրի հետ զրույցում ասել է, որ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ վիրուսի եւ քաշի ավելացման փոխկապվածությունն ապացուցելու համար:



© NEWS.am Medicine