Շատ աշխատելը վնասակար է առողջության եւ կարիերայի համար. գիտնականներ

12:15   9 օգոստոսի, 2018

Վերջին հետազոտությունների համաձայն՝ չափազանց լարված աշխատանքը վնասում է ոչ միայն առողջությանը, այլեւ կարիերայում աճին:

Ըստ The Daily Mail-ի՝ Լոնդոնի համալսարանի եւ ESCP եվրոպական բիզնես դպրոցի հետազոտողները պարզել են, որ նորմայից շատ աշխատող աշխատակիցները բավարարված չեն իրենց աշխատանքով եւ ծառայողական առաջխաղացմամբ: Միաժամանակ, ըստ մասնագետների, գործատուների կողմից ճնշման նվազեցումը կարող է ընկերությանն ավելի շատ շահույթ բերել:

Հետազոտությունում 36 երկրից 52.000 աշխատող է ներգրավվել: Դիտարկվել են աշխատանքի պայմանների տարբեր ասպեկտներ, հստակեցվել են ռիսկի խմբերը: Միաժամանակ, համեմատության են ենթարկվել այն անձանց արդյունքները, որոնց նույն պաշտոնն ու կրթության մակարդակն են ունեցել:

Պարզվել է, որ նրանք, ովքեր ստիպված են եղել աշխատանքը կատարել արագ եւ մշտական ժամանակային ճնշման ներքո, բողոքել են վատ ֆիզիկական եւ հոգեկան առողջությունից: Աշխատակիցները նշել են նաեւ, որ ղեկավարությունը չի գնահատում իրենց կատարած աշխատանքը:

Գիտնականների կարծիքով՝ աշխատանքային տեմպն ազդում է արված աշխատանքի վրա, ինչի արդյունքում ղեկավարությունը նախընտրում է առաջ չմղել նորմայից ավելի աշխատող աշխատակիցներին:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ լրացուցիչ աշխատաժամերը կարող են հանգեցնել աշխատակիցների մոտ առողջական խնդիրների: Այսպես, Հարավային Քարոլինայի համալսարանի հետազոտողները տասը տարի շարունակ հետեւել են բանկիրներին եւ հայտնաբերել, որ աշխատանքի երրորդ տարում նրանց մոտ տարբեր խնդիրներ եւ անքնություն է ի հայտ գալիս:

Անցյալ շաբաթ էլ Փենսիլվանիայի համալսարանի հրապարակած հետազոտությունը ցույց է տվել, որ վատ հոգեկան առողջությունը տարեկան 53 մլրդ դոլար է արժենում, քանի որ աշխատակիցներն ավելի շատ են հանգստյան օրեր վերցնում եւ ավելի դանդաղ են աշխատում:



© NEWS.am Medicine