Թալիշից 5-ամյա Արփիի հուզիչ արձագանքը, երբ առաջին անգամ կարողացավ լսել (ֆոտո)

20:58   9 օգոստոսի, 2018

Արցախի Թալիշ գյուղից 5-ամյա Արփի Աբրահամյանը, որի ընտանիքը վերապրել է 2016-ի սարսափելի ապրիլը, այսօր՝ օգոստոսի 9-ին, առաջին անգամ ձայներ է լսել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան մեկ ամիս առաջ կոխլեար իմլանտացիա են արել, իսկ այսօր միացրել են  խոսքային պրոցեսորը: Աղջիկը սկզբում անսպասելիությունից արտասվել է,   իսկ հետո սովորելով ձայներին, սկսել է ծիծաղել՝ սուրդոմանկավարժի հետ արդեն ծանոթ խաղեր խաղալով:

Այս հուզիչ ընթացքը դիտելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոն է ժամանել ներկայանալի պատվիրակություն՝ ԱՆ-ի աշխատակիցները նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան:

Աղջկա մայրը՝ Գայանե Աբրահամյանը, լրագրողներին պատմել է, որ Արփին 3 տարեկան էր, երբ նրա մոտ 4-րդ աստիճանի սենսոնեւրալ ծանրալուրություն հայտնաբերեցին: Դրանից հետո երեխան լսողական սարքեր էր կրում, զբաղվում էր սուրդոմանկավարժի հետ, սակայն խնդրի վերջնական լուծում կարող էր լինել միայն կոխլեար իմլանտացիան, որը եւ արել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստովանեց, որ առաջին անգամ սեփական աչքերով տեսավայդ պրոցեսը,  եւ այն շատ հուզիչ էր: Նա նշեց, որ կոխլեար իմլանտացիան շատ կարեւոր միջամտություն է, որը հնարավորություն է տալիս բարելավել խուլ մարդկանց  կյանքի որակը եւ նրանց հասարակության լիարժեք անդանմներ դարձնել:

Նա նաեւ հաղորդեց, որ Ճապոնիայի կառավարության աջակցության շնորհիվ նորածինների մոտ լսողական խնդիրների հայտնաբերման նեոնատալ սքրրինինգը Հայաստանի բոլոր ծննդատներում կիրականացվի: Նախկինում, նրա խոսքով, ծրագիրը ամբողջությամբ չէր ծածկում Հայաստանը:

Դեսպան Յամադան եւս խոստովանեց, որ առաջին անգամ է ներկա նման իրադարձության եւ երբեք դա չի մոռանա:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը հաղորդեց, որ կոխլեար իմպլանտացիան կենտրոնում մեկնարկել է 2004-ից եւ այդ ժամանակվանից 110 մարդ է վիրահատվել:

«Ընդհանրապես երկրում առողջապահության մակարդակը որոշում են կոխլեար իմլանտացիայի աստիճանով, եւ ես շատ հպարտ եմ, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը ամերիկացի գործընկերների հետ համատեղ, կարողացել է ներդնել այն եւ գերազանց կատարել», - ասել է նա՝ հավելելով, որ ամեն տարի նա դառնում է հուզիչ տեսարանի ականատես, երբ երեխաներն առաջին անգամ ձայներ են լսում եւ դա նրա համար լավագույն պարգեւատրումն է: Նա հույս է հայտնել, որ ԱՆ-ի աջակցության դեպքում ծրագիրը կշարունակվի եւ կընդլայնվի:

ՌԴ Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը, ով միացրել է աղջկա խոսքային  պրոցեսորը, լրագրողներին պատմել է, որ կոխլեար իմպլանտացիան 4-րդ եւ 3-րդ աստիճանի սենսոնյեւրալ ծանրալուրության համար միակ լուծումն է:

Նա բացատրել է, որ կոխլեար իմպլանտացիան բաղկացած է երկու մասից՝ ներքին ականջում իմպլանտի տեղադրում, որը վիրահատական ճանապաևհով է կատարվում եւ խոսքային պրոցեսորի միացում: Խոսելով այն մասին, թե ինչու են երեխաներն այդքան զգացմունքային արձագանքում այդ գործընթացին, բժիշկը բացատրել է, որ մինչ այդ պահը երեխաներն ապրում են լռության մեջ, իսկ այդ պահից մտնում են բազմաթիվ ձայներով լի աշխարհ:

«Կարող եք պատկերացնել, մենք ձեզ հետ ապրում ենք շատ աղմկոտ աշխարհում եւ մի վայրկյանում այդ աղմկոտ աշխարհը հասանելի է դառնում նրանց համար», - ասել է նա:

Հայկական Միջազգային առողջապահական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը պատմել է, որ մեկ կոխլեար իմպլանտը մոտ 38 հազար դոլար արժե, բայց նրանց հիմնադրամին հատուկ Հայաստանի համար այդ իմպլանտները 18 հազար դոլարով են տալիս: Նա նշել է, որ իմպլանտի ձեռքբերման եւ վիրահատության վճարի դեպքում ծնողներն իրենց հնարավորությունների չափով են մասնակցում, կազմակերպվում է նաեւ գումարի բարեգործական հավաք եւ չի եղել մի դեպք, որ որեւէ երեխային չանեն իմպլանտացիա գումար չլինելու պատճառով:

5-ամյա Արփիին խոսել սովորելու համար դեռ երկար աշխատանք է սպասվում սուրդոմանկավարժների հետ: Բայց ամենաբարդ փուլն արդեն անցած է: 

        



© NEWS.am Medicine