Գիտնականները բջիջներ են գտել, որոնք առանցքային դերակատարում ունեն ռեւմատոիդ արթրիտի զարգացման մեջ

16:57   10 օգոստոսի, 2018

Գիտնականները բջիջներ են գտել, որոնք առանցքային դերակատարում ունեն ռեւմատոիդ արթրիտի զարգացման մեջ:

Էրլանգենի եւ Նյուրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան համալսարանի (Friedrich-Alexander-Universität Erlangen-Nürnberg) իմունոլոգները հայտանաբերել են, որ այս հիվանդության զարգացման համար պատասխանատու է հազվագյուտ լիմֆոիդային ILC2 բջիջների խումբը, հայտնում է Cell Reports ամսագիրը:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը թույլ կտա ռեւմատոիդ արթրիտի բուժման նոր եղանակներ գտնել: Այս հիվանդությունը հիմնականում ախտահարում է ձեռքերի եւ ոտքերի մատները: Սակայն ռեւմատոիդ արթրիտից կարող են տուժել ծնկները, ուսերը, ինչպես նաեւ կոնք-ազդրային հոդերը, ընդ որում՝ կանայք 3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ:

Ռեւմատոիդ արթրիտն ամբողջությամբ բուժել անհնար է, բուժումը հիմնականում ուղղված է կյանքի որակի բարելավմանը եւ հիվանդության տարածման պրոցեսների դանդաղմանը:

Բնածին լիմֆոիդային բջիջները (ILC – innate lymphoid cells) մարդու բնածին իմունային համակարգի կարեւոր ագենտներ են եւ ախտածիններից օրգանիզմի պաշտպանության մեջ կենտրոնական տարր են համարվում: Գիտնականները պարզել են, որ ռեւմատոիդ արթրիտով  հիվանդների պերիֆերիկ արյան եւ հոդերի մեջ ILC2 քանակությունը զգալիորեն ավելի շատ է, քան առողջ մարդկանց մոտ: Ընդ որում՝ փորձերի ժամանակ պարզվել է, որ թերապիայի ժամանակ ILC2-ի քանակության մեծացումը զգալիորեն նվազեցրել է հիվանդության պրոգրեսի արագությունը:

Միաժամանակ, գիտնականները նշում են, որ ռեւմատոիդ արթրիտի բուժման համար ILC2-ի օգտագործման միակ հնարավորությունը նորագույն մեթոդների մշակումն է, որոնց միջոցով հիվանդության նշանները կհայտնաբերվեն մինչեւ դրա զարգացումը: Այն դեպքերում, եթե ILC2-ի քանակությունը մեծացվի հիվանդության ուշ փուլերում, հիվանդների վիճակը չի բարելավվի: Հետազոտությունների այս փուլում կարելի է պնդել, որ ILC2-ը կարգավորող էֆեկտ է ունենում ռեւմատոիդ արթրիտի վաղ փուլում:



© NEWS.am Medicine