Սթրեսն օգնում է ավելի լավ յուրացնել բացասական տեղեկատվությունը

10:35   14 օգոստոսի, 2018

Սթրեսի եւ անհանգստության վիճակը կարող է կյանքի որոշակի իրավիճակներում օգտակար լինել: Այս մասին է վկայում Լոնդոնի Համալսարանական քոլեջի հոգեբանների գլխավորությամբ իրականացված ուսումնասիրությունը:

Փորձի ընթացքում հոգեբանները 35 կամավորներին առաջարկել են լրացնել հարցաթերթիկը եւ գնահատել տարբեր տհաճ իրավիճակների առաջացման վտանգը: Ընդ որում գիտնականները խմբերից մեկի մոտ սթերսային վիճակ են ստեղծել՝ նրանց հաղորդելով ժյուրիի առջեւ առաջիկա ելույթի մասին:

Փորձի առաջին մասի ավարտին, երբ հարցաթերթիկները լրացված էին, մասնակիցներին ծանոթացրել են համապատասխան վիճակագրական տվյալների հետ:

Դրանից հետո կամավորները պետք է նորից պատասխանեին տհաճ իրավիճակների առաջացման ռիսկերի մասին հարցերին եւ այս անգամ պետք է իրենց պատկերացնեին հնարավոր զոհի տեղում:

Պարզվել է, որ փորձի սկզբում սթրեսի չենթարկված մասնակիցները, կենտրոնացել են միայն դրական տեղեկատվության վրա եւ շարունակել են թերագնահատել որոշ ռիսկեր, նույնիսկ այն բանից հետո, երբ իմացել են դրանց բարձր հավանականության մասին: Նրանք, ովքեր սթրեսային վիճակում են եղել, ավելի ուշադիր են եղել բացասական տվյալների նկատմամբ:

Հոգեբանները փորձը կրկնել են  ամերիկյան հրշեջային բաժիններից մեկում, որտեղ սթրեսի մակարդակը փոխվել է բնական պատճառներով` մասնագիտության առանձնահատկությունների պատճառով: Հրշեջների շրջանում կատարված փորձը հաստատել է գիտնականների եզրակացությունը, որ սթրեսը որոշակի իրավիճակներում օգտակար է:



© NEWS.am Medicine