Գիտնականներն առաջարկում են դադարել քաղցկեղ անվանել որոշ չարորակ ուռուցքներ

21:10   14 օգոստոսի, 2018

Ամերիկացի եւ ավստրալացի գիտնականների խումբն առաջարկում է որոշ չարորակ ուռուցքների ախտորոշումների անվանումներից հանել «քաղցկեղ» բառը, քանի որ դա կարող է օգնել բուժման չարդարացված ագրեսիվ մեթոդներին մարդկանց դիմելու կանխմանը:

British Medical Journal-ում հրապարակված հոդվածի հեղինակները նշում են, որ նշված խնդիրը վերաբերում է, օրինակ, վահանաձեւ գեղձի 1 սմ-ից փոքր որոշ ուռուցքներին, կրծքագեղձի քաղցկեղի որոշակի տեսակներին եւ շագանակագեղձի տեղայնացված քաղցկեղին:

Ներկայումս բժշկական տեխնոլոգիաները թույլ են տալիս ուռուցքները հայտնաբերել դրանց կլինիկական արտահայտվածությունից շատ ավելի վաղ: Այսպիսի նորագոյացություններից որոշներն իրենց զգացնել չեն տալիս մարդու ամբողջ կյանքի ընթացքում եւ առողջությանը վնաս չեն հասցնում: Սակայն ախտորոշմամբ հայտնաբերված ուռուցքները, որոնք բժիշկները քաղցկեղ են անվանում, մարդկանց ստիպում են խուճապի մատնվել եւ նրանց դրդում դիմելու նման դեպքերում ոչ անհրաժեշտ բուժման ագրեսիվ մեթոդների:

Սիդնեյի համալսարանից (Ավստրալիա) Բրուք Նայքելի եւ Բոնդի համալսարանից (ԱՄՆ) ու Մեյոյի կլինիկայից (ԱՄՆ) նրա գործընկերների խոսքով՝ դարեր շարունակ քաղցկեղը մահվան հետ են կապում, եւ այդ կապն ամրապնդում է միանգամայն արդարացված քարոզչությունն այն մասին, որ քաղցկեղի սքրինինգը կյանքեր է փրկում: Դրական ազդեցությանը զուգահեռ՝ այս սանտիրա-լուսավորչական աշխատանքը ընդհանրապես քաղցկեղի հետ կապված վախերը սաստկացնում է:

«Չնայած [հիվանդությունների] անվանումները պետք է կենսաբանորեն ճշգրիտ լինեն, դրանք նաեւ պետք հիվանդներին հասկանալի լինեն եւ չարդարացված մտավախություններ չառաջացնեն»,- պնդում են հետազոտության հեղինակները:

Վահանաձեւ գեղձի ցածր ռիսկով պապիլյար (պտկիկավոր) քաղցկեղը գիտնականները «քաղցկեղ» բառի օգտագործման բացասական ազդեցության բնութագրական օրինակ են համարում: Հայտնի է, որ փոքր չափի դեպքում նման ուռուցքի անցումը կլինիկական զարգացած հիվանդության միատեսակ հաճախ է հանդիպում թե՛ վիրաբուժական բուժումն ընտրած հիվանդների մոտ, թե՛ պարզապես բժշկական հսկողության տակ գտնվողների:

Համանման իրավիճակ է նաեւ շագանակագեղձի տեղայնացված քաղցկեղի դեպքում. արդեն երկար տարիներ ակտիվ հետազոտումները բուժման երաշխավորված այլընտրանք են, սակայն ամբողջ աշխարհում տղամարդիկ նախընտրում են վիրահատություններն ու ռադիոթերապիան:

Cancer Council Australia-ի ղեկավար, պրոֆեսոր Սանչիա Արանդան պնդում է, որ «քաղցկեղ» բառը արդեն հանել են որոշ ուռուցքների անվանումներից, որոնց ցածր վտանգավորությունն ապացուցված է: Այսպես՝ արգանդի վզիկի քսուքում բջիջների փոփոխությունների «վերանվանումները» բերել են նրան, որ ավելի մեծ թվով կանայք են բժշկի մոտ հետազոտությունները նախընտրում ագրեսիվ բուժումից: Արանդան աջակցում է գիտնականների՝ համանման նորագոյացությունների համար միջազգային տերմինների մշակման կոչին:



© NEWS.am Medicine