Գիտնականները կապ են գտել աչքերի հիվանդությունների եւ դեմենցիայի միջեւ

23:48   14 օգոստոսի, 2018

Աչքերի հիվանդությունների (գլաուկոմա, մակուլյար դիստրոֆիա կամ դիաբետիկ ռետինոպատիա) եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ կապ կա, նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Alzheimer's & Dementia ամսագրում: Այս հայտնագործությունը կարող է զգալիորեն հեշտացնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վաղ ախտորոշումը:

University of Washington School of Medicine-ի գիտնականները հետազոտել են մոտ 3877 տարեց կամավորների, որոնք հետազոտության մեկնարկի պահին հիվանդ չէին Ալցհեյմերի հիվանդությամբ: Արդյունքում հիվանդությունը զարգացել է կամավորներից 20 տոկոսի մոտ: Ընդ որում՝ նրանց շրջանում, ում մոտ գլաուկոմա, մակուլյար դիստրոֆիա կամ դիաբետիկ ռետինոպատիա կար, դեմենցիայի զարգացման վտանգը 40-50 տոկոսով բարձր էր, քան մնացյալի մոտ: Իսկ ահա տարեցների շրջանում հաճախ հանդիպող կատարախտի եւ դեմենցիայի միջեւ կապ գիտնականները չեն հայտնաբերել:

Փորձագետներն ակնաբույժներին կոչ են անում նպաստել տկարամտության զարգացման ռիսկի խմբում հիվանդների որոնմանը: Այսօր աշխարհում ապրում է դեմենցիայով 46 մլն մարդ, իսկ 2050 թվականին, մասնագետների կանխատեսումներով, նրանց թիվը կանցնի 130 միլիոնից:



© NEWS.am Medicine