Այսօր ինչպիսի՞ ինֆեկցիոն հիվանդություններ են տարածված Աֆրիկայի երկրներում (ֆոտո)

17:22   14 օգոստոսի, 2018

Աֆրիկական երկրներ ուղեւորությունից առաջ ցանկալի է իմանալ, թե այնտեղ այսօր ինչպիսի հիվանդություններ են տարածված, որպեսզի դրանց կանխարգելման միջոցառումներ ձեռնարկվեն: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման հայկական կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ Ալժիրում, Եգիպտոսում, Լիբիայում, Մարոկկոյում եւ Թունիսում հետեւյալ հիվանդություններով վարակվելու վտանգ կա՝ դիզենտերիա, դիարեա, հեպատիտ А, աղիքային հելմինտոզներ, բրուցելոզ: Որոշ շրջաններում տարածված են նաեւ որովայնային տիֆ, տրախոմա, շիստոսոմոզ, մալարիա, տիզային հետադարձ տիֆ եւ մլակային տենդ:

Բոթսվանայում, Նամիբիայում եւ ՀԱՀ-ում հնարավոր է վարակվել հետեւյալ հիվանդություններով՝ ամեբիազ, որովայնային տիֆ, հեպատիտ А, Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդ, մալարիա, ժանտախտ, բծավոր տիֆ, Ռիֆթ-Վալիի տենդ:

Սահարայից հարավ (Եթովպիայից մինչեւ Անգոլա) հնարավոր է վարակվել հետեւյալ հիվանդություններով՝ դիզենտերիա, դիարեա, հեպատիտներ А, В եւ Е, աղիքային հելմինտոզներ, որովայնային տիֆ, մալարիա, խոլերա, բծավոր տիֆ, որը փոխանցվում է ոջիլների, լվերի եւ տիզերի միջոցով, տիզային հետադարձ տիֆ, հեմոռագիկ տենդեր, ժանտախտ, մենինգոկոկային ինֆեկցիաներ, կատաղություն:

Թվարկված հիվանդություններից մի քանիսի դեմ պատվաստանյութեր կան, մնացյալի դեմ դեռեւս պատվաստանյութեր չեն ստեղծվել: Եթե պատրաստվում եք մեկնել Աֆրիկայի երկրներից մեկը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, թե ուղեւորության ընթացքում ինչպես է հնարավոր պաշտպանվել ինֆեկցիոն հիվանդություններից:



© NEWS.am Medicine