Ֆերմաներում աճեցված միսը կարող է անխոցելի սուպերբակտերիաների աղբյուր դառնալ. գիտնականներ

10:41   15 օգոստոսի, 2018

Ֆերմաներում հակաբիոտիկների օգտագործմամբ աճեցված միսը կարող է անխոցելի սուպերբակտերիաների աղբյուր դառնալ: Այս մասին ասված է Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտությունում:

Գիտնականները մտավախություն ունեն, որ հակաբիոտիկների օգտագործման պատճառով բացիլները, որոնք ունակ են էնտերոտոքսիններ արտադրել, այդ ունակությունը «կփոխանցեն» ավելի վտանգավոր մանրէների: Սուպերբակտերիաները մանրէներ են, որոնք կայուն են որոշակի հակաբիոտիկնենրի ազդեցության նկատմամբ: Ֆերմաներում հակաբիոտիկներն ակտիվորեն օգտագործում են՝ մսատու կենդանիների աճի տեմպերն արագացնելու համար:

Հետազոտության շրջանակում գիտնականները Կահիրեի շուկայում 250 կտոր տավարի եւ հավի միս են գնել՝ տեղական եւ արտասահմանյան արտադրության: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց մեկ երրորդը Bacillus cereus տեսակի մանրէի ակտիվ բջիջներ են պարունակել: Մասնագետների խոսքով՝ այն աղեստամոքսային տրակտի տարատեսակ ինֆեկցիաների հարուցիչ է:

Այլ մանրէներ նույնպես հայտնաբերվել են, որոնք ունակ են մարդու համար վտանգավոր տոքսիններ արտադրել: Դրանց կեսից ավելին հիվանդանոցներում եւ ֆերմաներում օգտագործվող պենիցիլինի եւ այլ հակաբիոտիկների հանդեպ կայուն են եղել:

Գիտնականները մտավախություն ունեն, որ եթե ֆերմաներում շարունակեն մեծ քանակությամբ հակաբիոտիկներ օգտագործել, առաջիկա տարիներին մանրէների ավելի վտանգավոր տարբերակներ ի հայտ կգան:



© NEWS.am Medicine