Կորեացի գիտնականներն առաջարկում են ալկոհոլից կախվածությունը բուժել խաղի միջոցով

11:50   15 օգոստոսի, 2018

Կորեական Չունգ Անգի համալսարանի մասնագետներն ալկոհոլից կախվածության բուժման յուրօրինակ միջոց են առաջարկել: Հատուկ խաղն օգնում է ոչ միայն նվազեցնել ալկոհոլից հոգեբանական կախվածությունը, այլեւ բացասական վերաբերմունք ձեւավորել դրա հանդեպ:

Խաղի առաջին փուլում, որն ուղեկցվում է հանդարտ երաժշտությամբ, խաղացողին առաջարկվում է թուլանալ եւ ազատել կպչուն մտքերից: Երկրորդ փուլում խաղացողը «հայտնվում» է վիրտուալ բարում, որտեղ նրան ալկոհոլային խմիչք է առաջարկվում, իսկ յուրաքանչյուր մերժման դեպքում՝ միավոր: Երրորդ՝ եզրափակիչ փուլում խաղացողին մարդու օրգանիզմի վրա ալկոհոլի վնասակար ազդեցության կոնկրետ օրինակներ են ներկայացվում:

Խաղը հաջողությամբ փորձարկվել է 12 կամավորի մասնակցությամբ: Ընդ որում՝ բոլորն էլ նշել են, որ ալկոհոլի հանդեպ ձգողականությունը նվազել է, ինքնատիրապետման մակարդակը՝ աճել:

Խաղը մշակողները հույս ունեն, որ նման խաղային ձեւաչափով կարող են պայքարել նաեւ տարատեսակ հոգեկան խանգարումների եւ կպչուն մտքերի դեմ:



© NEWS.am Medicine