5-ամսական փոքրիկն ամենափոքր հիվանդն է, ում սրտի եւ թոքերի փոխպատվաստում են կատարել

21:28   15 օգոստոսի, 2018

5-ամսական Ջեքը ծնվել է սրտի ծանր արատներով, որոնց պատճառով պահանջվում էր նրա ոչ միայն սրտի, այլ նաեւ թոքերի փոխպատվաստում կատարել: Բարդ վիրահատությունը հաջող է անցել, եւ եթե Ջեքը առաջիկա տարին վերապրի, նա կդառնա աշխարհում 1 տարեկանից փոքր առաջին  հիվանդը, որը կրկնակի փոխպատվաստում է վերապրել:

Ջեքի մայրիկը՝ 35-ամյա Թիֆանի Փալմերը 20-շաբաթական հղիության ժամանակ տեղեկացել է, որ երեխայի մոտ սրտի խնդիրներ կան. բնածին արատի զարգացման պատճառով նրա սիրտը չէր կարողանում արյունը նորմալ մղել, իսկ արյան վատ մատակարարումը վնասել էր նրա թոքերը: Բժիշկները համոզված էին, որ նա ողջ չի մնա:

Ջեքը, սակայն, ծնվել է եւ ողջ մնացել, բայց նրա սիրտն ու թոքերը շատ թույլ էին, եւ նրա ծնողները ընտրության 2 հնարավորություն ունեին՝ բուժումից հրաժարվել եւ թողնել, որ նա մահանա կամ նրա անունը ավելացնել դոնորական օրգանների հերթագրվածների ցուցակում: Ծնողներն ընտրել են երկրորդ ճանապարհը: Փոքրիկին հարմար դոնորական սիրտն ու թոքերը գտնվել են 5 ամիս հետո, եւ բժիշկները փոխպատվաստում են կատարել:

Ջեքին հիվանդանոցից դուրս են գրել 2 շաբաթ առաջ, եւ հիմա նա, ծնողների խոսքով, իրեն լավ է զգում:

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում ամեն տարի սրտի նույնպիսի արատով 960 երեխա է ծնվում: Խնդիրները երեւան են գալիս երեխայի ծնվելուց անմիջապես հետո. նա դժվար է շնչում, երակազարկը թույլ է, մաշկը կապտում է: Նման հիվանդներին որոշ դեպքերում օգնում է դեղորայքային բուժումը, այլ դեպքերում՝ վիրաբուժական միջամտությունը:

Ջեքի դեպքում, սակայն, արատները չափազանց ծանր էին, եւ նրան կարողացել է օգնել միայն սրտի եւ թոքերի ամբողջական փոխպատվաստումը: Ճիշտ է, երբ Ջեքը 3 ամսական էր, նրան սրտի 2 բաց վիրահատության են ենթարկել, որոնք, իհարկե, խնդիրները չեն լուծել:

Ջեքին փոխպատվաստումը կատարել են մայիսի 23-ին: Ջեքը 1 տարեկանից փոքր 20-րդ երեխան է, որին սրտի եւ թոքերի փոխպատվաստում են կատարել եւ ամենափոքրը վերջին 10 տարիներին: Սակայն մյուս 19 երեխաները մահացել են վիրահատությունից կարճ ժամանակ անց: Բժիշկների խոսքով՝ եթե Ջեքը ողջ մնա, պատմության մեջ կմտնի որպես ամենափոքր հիվանդը, որը վերապրել է կրկնակի փոխպատվաստումից հետո:



© NEWS.am Medicine