Հայաստանում դիտվում է սուր հեպատիտ B-ի եւ C-ի դեպքերի նվազման միտում. փորձագետ

13:42   16 օգոստոսի, 2018

Հայաստանում դիտվում է սուր հեպատիտ B-ի եւ C-ի դեպքերի նվազման միտում: Այս մասին օգոստոսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

2017 թվականի տվյալներով՝ հեպատիտ В-ի դեպքերի թիվը 1,7 անգամ նվազել է, իսկ հեպատիտ С-ի՝ 2,5 անգամ: Միաժամանակ, այս ցուցանիշներն իրականությունն ամբողջական չեն արտացոլում, քանի որ հեպատիտ C-ով հիվանդների գրեթե 80 տոկոսն իր հիվանդության մասին անգամ չի կասկածում: Աբովյանը ուշադրություն դարձրեց, որ հեպատիտ C-ն հաճախ առանց ախտանշանների է ընթանում: Սա հարուցում է փորձագետների մտահոգությունը, քանի որ լյարդի քաղցկեղի առաջնային դեպքերի մինչեւ 60 տոկոսը կապված է հենց հեպատիտ С-ի եւ В-ի հետ:

Հայաստանում այսօրվա դրությամբ հայտնաբերված է հեպատիտ B-ի 404 եւ հեպատիտ C-ի 708 դեպք: հետազոտությունների համաձայն՝ հեպատիտով առավել հաճախ վարակվում են կոսմետիկական սրահներում եւ բժշկական հաստատություններում: Դրանից բացի, հազվադեպ չեն դեպքերը, երբ հիգիենայի կանոններին չհետեւելու պատճառով վիրուսը տարածվում է հիվանդի ընտանիքի անդամների շրջանում:

«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ ղեկավար Անահիտ Հարությունյանը հայտնեց, որ 2017 թվականին Երեւանում եւ այլ քաղաքներում հասարակական կազմակերպությունը մի շարք միջոցառումներ է անցկացրել՝ ուղղված հեպատիտ B-ի եւ C-ի մասին բնակչության իրազեկվածության բարձրացմանը: Ընդհանուր առմամբ հեպատիտի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման հետազոտությանը ներգրավվել են 1559 քաղաքացիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից:

Արդյունքում հեպատիտ С է հայտնաբերվել 115 մարդու մոտ, հեպատիտ В՝ 22-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ՝ 9-ի:

Հարությունյանը նշեց, որ Հայաստանում հեպատիտ В-ի եւ С-ի բուժումը վճարովի է, իսկ դեղամիջոցները հաճախ անչափ թանկարժեք են: Նրա խոսքով՝ այս ախտորոշման հետ բախված շատերին անհանգստացնում է ոչ միայն բուժման հասանելիության հարցը, այլեւ համապատասխան բուժզննումների:



© NEWS.am Medicine