Թաիլանդում ինչո՞ւ է յուրաքանչյուր երկրորդ վանականի մոտ առկա ավելորդ քաշ կամ ճարպակալում

19:37   18 օգոստոսի, 2018

Չնայած Թաիլանդում վանականները քիչ են ուտում, քան մյուս մարդկանց մեծամասնությունը, նրանցից յուրաքանչյուր երկրորդի մոտ առկա է ավելորդ քաշ կամ ճարպակալում, ավելի քան 40 տոկոսի մոտ՝ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ, 25 տոկոսի մոտ՝ արյան բարձր ճնշում, յուրաքանչյուր 10-րդի մոտ՝ 2-րդ տիպի դիաբետ: Այսպիսի ցնցող եզրահանգումներ են կատարել Chulalongkorn University-ի գիտնականները:

Վանականների սննդային սովորություններն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ նրանք ավելի քիչ քանակությամբ են կալորիաներ օգտագործում, քան մյուս մարդիկ, սակայն այդ կալորիաների մեծամասնությունը ստանում են էներգետիկ ըմպելիքներից եւ քաղցրեղենից: Վանականներին արգելված է կեսօրից հետո ուտել, եւ էներգիայի մակարդակը պահպանելու համար նրանք քաղցր ըմպելիքներ են խմում:

Վանականները սնունդը աշխարհականներից են ստանում. կարծիք կա, որ ովքեր վանականներին սնունդ են տալիս, նրանց կարման բարելավվում է ինչպես այս կյանքում, այնպես էլ հաջորդ: Մինչդեռ խնդիրն այն է, որ աշխարհականներից շատերը վանականներին են տալիս քաղցր գազավորված ըմպելիքներ, հյութեր, քաղցրեղեն, ինչպես նաեւ պատրաստի ֆաստ ֆուդ, որի մեջ մեծ քանակությամբ ճարպեր ու շաքար է պարունակվում եւ չափազանց քիչ սպիտակուցներ ու բջջանյութ, չհասկանալով, որ դրանով վնասում են վանականներին:

Վանականներն ուտում են այն, ինչ իրենց տալիս են. նրանք չպետք է ունենան սնունդի նախապատվություններ: Ուստի ստացվում է, որ նրանք հաճախ օգտագործում են ոչ առողջ սնունդ, որը նույնիսկ փոքր քանակությամբ բերում է գիրացման:

Թաիլանդի հանրային առողջության դեպարտամենտը մարդկանց է դիմել խնդրանքով՝ վանականներին ավելի առողջ սնունդ տալ, իսկ իրենց՝ վանականներին կոչ է արել աղոթքների եւ մեդիտացիայի միջեւ ընդմիջումներին ֆիզիկական աշխատանքով զբաղվել, օրինակ՝ տաճարը մաքրելով:



© NEWS.am Medicine