Տարիքի հետ մարդու անձնային հատկանիշները գրեթե չեն փոխվում. հետազոտություն

18:53   21 օգոստոսի, 2018

Տարիքի հետ մարդկանց մեծ մասի մոտ հիմնական անձնային հատկանիշները շարունակում են կայուն մնալ: Այս մասին ասվում է հոգեբանների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Journal of Personality and Social Psychology ամսագրում:

Գիտնականները վերլուծել են Project Talent Personality Inventory-ի՝ Լոնգիտյուդային հետազոտության տվյալները, որն առաջին անգամ անցկացվել է 1960 թվականին: Այն ամերիկյան ավագ դպրոցների շուրջ 440 հազար աշակերտի է ընդգրկել, որոնք ուսումնասիրվել են այդ թվում նաեւ էքստրավերսիայի, բարյացակամության, գիտակցության, նյարդայնության եւ փորձի նկատմամբ բաց լինելու տեսանկյունից:

Այս ուսումնասիրությունից ընտրելով 1795 մարդու՝ հոգեբանները վերլուծել են, թե ինչպես է փոխվել նրանց էությունը 50 տարվա ընթացքում. հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կայունությունը խմբում, միջին փոփոխությունները, անհատական տարբերությունները եւ անձնական պրոֆիլի կայունությունը: Գիտնականների ուշադրության կենտրոնում էր այն հարցը՝  ազդու՞մ է արդյոք սեռը կյանքի ընթացքում փոփոխությունների վրա:

Արդյունքում, հոգեբանները եզրակացության են հանգել, որ մարդու անձնային հատկությունները պլաստիկ են, իսկ փոփոխությունները կյանքի ընթացքում կուտակվելու հատկություն ունեն:  Այդպես, տարիքի հետ մարդիկ ավելի բարեխիղճ, զգացմունքային առումով կայուն եւ բարյացակամ են դառնում:

Սակայն եթե մարդը դեռահաս տարիքում իր հասակակիցների համեմատ ավելի բարեխիղճ է եղել, ապա այդպիսին կլինի նաեւ տարեց ժամանակ: Ընդ որում, սեռական տարբերություններն այս հարցում էական դեր չեն խաղում:



© NEWS.am Medicine