Ինչպե՞ս պահպանել պտղաբերությունը ժամանակակից աշխարհում

22:20   23 օգոստոսի, 2018

Անպտղության խնդիրն այժմ տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում. ըստ տարբեր տվյալների՝ աշխարհում զույգերի 10-ից 30 տոկոսը չի կարողանում երեխա ունենալ բնական ճանապարհով: Որոշ մասնագետներ նշում են, որ անպտղությունն այսօր իսկապես ավելի տարածված է, քան անցյալում, եւ դրանում մեղավոր է ժամանակակից մարդու կենսաձեւը: Մյուսները պնդում են, որ անպտղության խնդիրը եղել է նաեւ նախկինում, պարզապես դրա մասին քիչ է խոսվել:

Ամեն դեպքում, այսօր պտղաբերության պահպանման խնդիրը արդիական է ինչպես երբեք: Ի՞նչ է պետք անել ծնող դառնալու հավանականությունը բարձրացնելու համար:

Վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Կալիֆորնիա, ԱՄՆ) NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ, իր կարծիքով, երեխա ունենալ ցանկացող մարդկանց համար ամենակարեւորը կրթությունն ու գրագիտությունն է: Եթե մարդը հստակ պատկերացնում է, թե որ գործոններն են ազդում իր ընդհանուր առողջության եւ հատկապես վերարտադրողական առողջության վրա, նա ավելի քիչ կգործի այն սխալները, որոնք կարող են ապագայում լուրջ խնդիրներ առաջ բերել:

«Կրթությունը եւ գիտելիքը լավագույն զենքն է, որը կարող է պաշտպանել մարդու առողջությունը, այդ թվում` պտղաբերությունը եւ՛ տղամարդկանց եւ կանանց մոտ»,- նշեց փորձագետը:

Ըստ Վիգեն Սեֆիլյանի՝ տարբեր գործոններ են ազդում մարդու պտղաբերության վրա, եւ նրանցից որոշները կախված են հենց մարդուց, մյուսները՝ ոչ:

Ամենակարեւոր գործոններից մեկը տարիքն է, եւ այդ գործոնի վրա, ցավոք, մարդն ազդել չի կարող: Տարիքի հետ մարդու պտղաբերությունը վատթարանում է, ավելին, նվազում են լրացուցիչ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ հաջողությամբ երեխա ունենալու հնարավորությունները: Ուստի, բոլոր փորձագետներ խորհուրդ են տալիս կանանց մտածել իրենց ձվաբջիջների կրիոկոնսերվացման մասին մինչեւ 35 տարեկանը, եթե նրանք դեռ չեն նախատեսում հղիանալ:

Մյուս գործոնների մեծ մասը, որն ազդում է մարդու պտղաբերության վրա, կապված են նրա կենսակերպի հետ։ Այսպես, ծխելն ու ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտություններ, կարող են խնդիրներ առաջացնել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Հատկապես վտանգավոր է ծխելը դեռահասության շրջանում, երբ սեռական համակարգը ձեւավորման փուլում է։

Սննդակարգը նույնպես շատ կարեւոր է։ Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք, որոնք հաճախ են ֆասթֆուդ օգտագործում, ավելի հաճախ են բախվում բեղմնավորման խնդիրների հետ։ Նույնը կարելի է ասել նաեւ քաղցր գազավորված ըմպելիքների սիրահար կանանց մասին։

Եթե ցանկանում եք պահպանել առողջությունը եւ պտղաբերությունը, ֆասթֆուդի եւ քաղցր ըմպելիքների չափաքանակը սննդակարգում պետք է նվազագույնի հասցնել:
Սննդակարգի հիմքը պետք է կազմեն բանջարեղենը, մրգերը, հատիկավորներից պատրաստված մթերքները, ընդեղենը եւ ծովամթերքը:

Մեծ նշանակություն ունեն նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները։ Ինչպես նշել է մասնագետը, օրինակ, խլամիդիոզը կարող է արգելափակել ֆալոպյան խողովակները եւ հանգեցնել կանաց անպտղության։ Շատ այլ հիվանդություններ նույնպես կարող են խնդիրներ առաջացնել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, ուստի ցանկալի է դրանցով չվարակվել եւ ապահով սեռական հարաբերություններ ունենալ պահպանակի օգնությամբ: Եթե մարդը, այնուամենայնիվ, վարակվել է, անհրաժեշտ է անպայման բուժման կուրս անցնել, նույնիսկ եթե հիվանդության որեւէ ախտանիշ չի դրսեւորվում եւ առանձնապես այն չի անհանգստացնում։



© NEWS.am Medicine