Յոգան դեղերից վատ չի օգնում ճնշման նվազեցմանը

17:51   1 սեպտեմբերի, 2018

Յոգան զարկերակային ճնշումը որոշ ուժեղ դեղերից ավելի վատ չի նվազեցնում: Այդպիսի արդյունքի հասնելու համար բավական է 3 ամիս շաբաթական 5 անգամ օրական 15-ական րոպե յոգայով զբաղվել:

Կանադայից հետազոտողները 60 մարդու մասնակցությամբ դիտարկումների ընթացքում ապացուցել են, որ յոգան եւ շնչառական մարզումները ոչ մի բանով չեն զիջում որոշ դեղերի արդյունավետությանը, երբ խոսքը վերաբերում է զարկերակային ճնշման նվազեցմանը: Նշենք, որ առողջության համար յոգայի օգտակար հատկությունների մասին խոսվում է դարեր շարունակ: Ցավոք, դրանք չափազանց հազվադեպ են ստուգվում հեղինակավոր գիտական հանրույթի կողմից: Եվ ահա, հիմա հետազոտողները պարզել են, որ 3 ամսվա ընթացքում շաբաթական 5 անգամ 15-ական րոպե յոգայով զբաղվելը 10 տոկոսով նվազեցնում է զարկերակային ճնշման միջին ցուցանիշները:

Առաջին դեղերը, որ բժիշկները սովորաբար նշանակում են նախահիպերտոնիայի եւ հիպերտոնիայի զոհերին, դիուրետիկներն են կամ միզամուղ միջոցները: Դիտարկումները ցույց են տալիս, որ դրանք զարկերակային ճնշման ցուցանիշները կրճատում են միջինը 10 տոկոսով: Այլ խոսքով՝ յոգան կարող է  ճիշտ նույնպիսի արդյունք ապահովել: Ըստ որում՝ այն ոչ մի կողմնակի էֆեկտ չի առաջացնում, ինչը չես ասի դեղերի մասին: Հետազոտության հեղինակները մոտ ապագայում պատրաստվում են ստացած եզրակացությունները հաստատել արդեն 500 մարդու մասնակցությամբ դիտարկումների ընթացքում՝ Քվեբեքի Laval University-ի գիտնականների հետ համագործակցությամբ:



© NEWS.am Medicine